16/08/2019 19:18
Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ «Ավրորա» ֆորումի շրջանակներում
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմն ընդգրկվել է «Ավրորա» ֆորումի պաշտոնական ծրագրում, որը տեղի կունենա Հայաստանում՝ հոկտեմբերի 14-21-ը:
Ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 17-ին հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային։
«Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը կոչված է խթանելու դրական զարգացումներ, և նպաստելու մարդկության հավաքական ներուժի իրացմանը՝ միտված տեխնոլոգիական, գիտական, կրթական, սոցիալական և մարդասիրական ոլորտների հրատապ մարտահրավերների հաղթահարմանը:
Ֆորումի առանցքում են բազմաթիվ միջոցառումներ և քննարկումներ, որոնց շրջանակներում հեղափոխական առաջնորդներն ու աշխարհում փոփոխություն կերտողները կկիսվեն իրենց փորձով, մտքերով և տեսլականով, ինչը կբերի հստակ քայլերի և փոփոխությունների:
Ֆորումն աշխարհին է ներկայանում իր՝ 151 բարի կամքի դեսպաններով՝ գլոբալ առաջնորդներ, որոնք ներկայացնում են քաղաքականության, գիտության, կրթության, գործարարության, ժամանցի, արվեստի և այլ ոլորտներ՝ հանձնառու այսօրվա ու վաղվա սերնդի առջև կանգնած հրատապ և համընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը:
Հիշեցնենք, որ «Դրախտի դարպասը» Հայաստան, Լիտվա, Ֆինլանդիա, Ֆրանսիա համատեղ արտադրության ֆիլմ է, դերասաններն էլ տաբեր երկրներից են ընտրված՝ Ռիչարդ Սամմել, Տատյանա Սպիվակովան, Սոս Ջանիբեկյանը, Նաիրա Զաքարյանը, Լեո Պոբեդոնոսցեվասը և այլք:
Մշտապես Արցախյան թեմային անդրադարձող արցախցի ռեժիսորն Aysor.am-ի հետ զրույցում նշել էր, որ այս ֆիլմն էլ ներկայացնում է 2016-ի ապրիլյան Արցախը՝ քառօրյա պատերազմ, օտարերկրյա լրագրողներ, Թալիշի անկում ու հետ բերում… Ներկայացվելու է մի երկիր, որը նույնիսկ պատերազմի օրերին ապրում է, այնտեղ կյանքը չի պարալիզացվում… Դրախտի դարպասն էլ Շուշիի կիրճն է՝ Ջդրդուզը…