17/08/2019 11:33
ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին
Ռուսաստանի Դաշնության դատախազությունը մերժել է ՀՀ Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին արտահանձնելու մասին, այդ մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
«ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:
Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը:
Մինչդեռ, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել:
Վերոնշյալով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայության ղեկավար Արևիկ Խաչատրյանը։