17/08/2019 12:54
Արդյունաբերության ոլորտում էլ կան ակտիվիստներ և ֆանատներ, ովքեր բացի արդյունաբերությունից ուրիշ բան չեն ուզում տեսնել, դա շատ կարևոր է. Փաշինյան
Մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր, և մեր գործողությունները պետք է ուղղված լինեն հենց այդ նպատակի իրականացմանն, այսօր «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր քաղաքական առաջնային խնդիրներից մեկն է ապահովել այնպիսի պայմանններ, որոնք կզարգացնեն մեր արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը։ Սա շատ կարևոր և նուրբ աշխատանք է, որը մենք առաջիկայում պատրաստվում ենք անել: Այս աշխատանքը նուրբ է, որովհետև մենք արդյունաբերությանը և ներդրողներին աջակցելիս պետք է համոզված լինենք, որ իսկապես իրականացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողություններն ուժեղացնելու, հզորացնելու քաղաքականությունը և ոչ թե պարզապես նրանց, կներեք կոպիտ բառի համար, նստեցնում ենք աջակցության վրա՝ մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը և իսկապես ինստիտուցիոնալ առումով զարգանալու հնարավորությունները», - ասաց Փաշինյանը:
Կոտայքի մարզն, ըստ վարչապետի արդյունաբերական մեծ պոտենցիալ ունի։ Նա նկատեց, որ մարզում եղել են նվիրյալներ, որոնք խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների հիման վրա փոքր բջիջներ են ստեղծել ու այդ նվիրյալներին ուղղված գնահատանքի խոսքեր ասաց։
«Ես ուզում եմ` այդ մարդկանց գնահատանքի խոսքեր ասենք, որովհետև կարող ենք ասել, որ արդյունաբերության ոլորտում էլ կան ակտիվիստներ և ֆանատներ, ովքեր բացի արդյունաբերությունից ուրիշ բան չեն ուզում տեսնել, ուրիշ բանի մասին չեն ուզում լսել և դա շատ կարևոր հատկանիշ է: Իհակե, սա չի նշանակում, թե մենք որևէ կերպ նսեմացնում ենք տնտեսության մյուս ճյուղերի նշանակությունը, կարևորությունը», - ավելացրեց Փաշինյանը:
Վարչապետը հատկապես կարևորեց Կոտայքի մարզի զբոսաշրջային պոտենցիալը և առանձնացրեց այդ մարզի Ծաղկաձոր քաղաքի առանձնահատկությունը։
«Ծաղկաձորը Հայաստանի ամենակարևոր զբոսաշրջային ուղղություններից մեկն է և, իմ կարծիքով, կառավարության հաջորդ կարևոր առաջնահերթությունը` զբոսաշրջությունը, նույնպես պիտի Կոտայքում զարգանա», - ընդգծեց վարչապետը: