20/08/2019 17:57
«Գութան» 2019-ը նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150 ամյակին
ՄՐՐՈ հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ, արդեն 6-րդ անգամ՝ օգոստոսի 23-ին, ժամը 19։00 Գաֆէսճեան քանդակների պարտեզում(Կասկադ) կկայանա «Գութան» ավանդական երգի-պարի փառատոնը։
Փառատոնին մասնակցում են ազգային երգ ու պար ներկայացնող լավագույն խմբերը՝ Ակունք, Սասնա ծռեր, Վան, Մասունք, Տարոնցիներ, Մարաթուկ, Նուբար, Գորանի, Տնջրե (Արցախ), Վերադարձ, Վարք Հայոց, Տավրոս, Զարթոնք, Արդվին, Ոստան, Արեգ, Մարաթուկցիներ, Սեբաստացիներ, Բազմաբերդի Գորանի։
«Գութան» փառատոնը մի յուրահատուկ հարթակ է, որտեղ ավանդական երգերն ու պարերը ներկայացվում են իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների: Կկատարվեն ամբողջ Հայաստանը ներկայացնող ավանդական երգեր և պարեր, յուրաքանչյուր խումբ կներկայանա Կոմիտասյան ստեղծագործությամբ, կցուցադրվեն նաև Վարդապետի մասին պատմող 5 կարճամետրաժ ֆիլմեր։
Փառատոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը փառատոնն իրականացնում է 2014 թվականից, ու այս կարճ ժամանակաշրջանում հասցրել է փառատոնը դարձնել սիրելի ու սպասելի:
««Գութան»-ի նպատակն է պահպանել և տարածել հայկական ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին», - ասում է Արսեն Գրիգորյանն ու ավելացնում, որ փառատոնն ունի իր հստակ սկզբունքները՝ ներկայացնել միայն ավանդական մաքրամաքուր երգեր ու պարեր, միայն կենդանի կատարումներով, կենդանի նվագակցությամբ՝ օգտագործելով մեր ազգային նվագարանները՝ դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ:
Փառատոնում հնարավոր է տեսնել ամբողջ Հայաստանի տարբեր շրջաններն ու գավառները (Կիլիկիան Հայաստանից մինչև Արցախ) ներկայացնող ավանդական երգերն ու պարերն՝ իրենց բոլոր ճյուղերով:
Ամեն տարի արխիվացվում են ամենաքիչը 50-60 ավանդական երգեր և պարեր, որոնք տեսաձայնագրվում են ամենաբարձր որակով:
«Նպատակ ենք հետապնդում այն էլ ավելի հասանելի դարձնել հասարակության լայն շրջանակներում: Ինչպես հայ հանդիսատեսը, այնպես էլ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում ունկընդրել և ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային ավանդական երգերն ու պարերը, որն էլ իր հերթին մի հիմնաքար է հանդիսանում ազգային մշակույթի պահպանման, տարածման ու սերնդեսերունդ փոխանցման գործում», - եզրափակում է Արսեն Գրիգորյանն ու բոլորին հրավիրում միասին այս օրը դարձնել ավանդական տոնախմբություն: