20/08/2019 17:42
Արտո Թունջբոյաջյանը, Վահան Արծրունին և Վահագն Հայրապետյանը հանդես կգան «Ֆրեսկո» 6-րդ փառատոնի բացմանը
Օգոստոսի 23-30-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը: 8 օր շարունակ «Ֆրեսկո»-ն կստեղծի իսկական տոն:
Փառատոնի շրջանակում կկայանա երկու բացման արարողություն. Օգոստոսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում - քննարկում ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է:
Իսկ օգոստոսի 24-ին Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների տարածքում կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացման արարողությունը, որտեղ Արթո Թունջբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ կհնչեն Կոմիտասի գործերը:
Փառատոնային յուրաքանչյուր օրվա մեկնարկ կտրվի համերգային ծրագրով:
Փառատոնի ծրագրում ընդգրկված են բացօթյա տարածքում և դահլիճներում միջազգային ֆիլմերի դիտում-քննարկումներ ֆիլմերի հերոսների հետ, ցուցահանդես «Հայ Առաքելական եկեղեցու ասեղնագործ ծիսական պարագաներ» խորագրով:
Փառատոնը կամփոփվի հանդիսատեսի կողմից ամենասիրված ծրագրով՝ վրանային կինոճամբարով, որը կկայանա Հաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Սաղմոսավանքում:
«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս հատուկ խմբերի հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ նրանք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվում են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում:
Ամենամյա ավանդույթ դարձած փառատոնի օրհնված հուշանվերները, որոնք պատրաստել են Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաները, հանդիսավոր բացման ժամանակ կբաժանվեն հանրությանը.դրանք ներկայացնում ենՆորատուսի, Գեղարդի, Էջմիածնի և Ջուղայի հայկական խաչքարերը:
Ավելացնենք, որ 2014թ.-ից Հայաստանում իրականանում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոնը: Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Ֆրեսկոն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից ժամանած արվետագետների, հոգևորականների: Փառատոնի շրջանակներում մասնակիցները ապրում և կիսում են միասին մի հարթակ, որոնց միացնում են այնպիսի համամարդկային արժեքներ, ինչպիսիք են սերը, խաղաղությունը, մարդասիրությունը: