21/08/2019 14:31
Երևանում խոշոր գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Start-up ծրագրերի շնորհանդես (Տեսանյութ)
Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի (YEDI) և Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի կազմակերպմամբ Երևանում անցկացվեց Start-up ծրագրերի շնորհանդես՝ Չինաստանից, Հնդկաստանից, Վիետնամից և Իրանից գործարարների մասնակցությամբ։
«Հուսով եմ, որ սա առիթ է ոչ միայն այս ծրագրի շրջանակներում գիտելիքները հանուն իրենց ժողովուրդների և երկրին ծառայեցնելու, այլ նաև համատեղ ծրագրերով այնպիսի հետագա պլաններ ենք մշակելու, որ լինի շարունակական», - միջոցառման մեկնարկին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ կարևորում է ծրագրի խորությամբ ճանաչումը և գիտակցումը Հայաստանում։
«Եթե այն հաջողվել է Կանադայում, կարող է հաջողվել նաև Հայաստանում, և ինչպես Կանադայում են կարողանում համախմբել աշխարհի լավագույն մտքերը նոր նախաձեռնություններ զարգացնելու համար, այնպես էլ մենք՝ Հայաստանում կարող ենք այդպիսի մի հարթակ կառուցել», - ասաց նախարարը՝ կառավարության անունից պատրաստակամություն հայտնելով քննարկել բոլոր այն հարցերը, որոնք կարող են նպաստել նման նախաձեռնությունը Հայաստանում զարգացնելու, խորացնելու և դրա համար ամուր հիմքեր կառուցելու համար։
Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանն ասաց, որ Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի նախագահ Մարատ Րեսինի շնորհիվ է միջոցառումը Հայաստանում անցկացվում։
«Այն նախատեսված էր եղել Մոսկվայում անցկացնել, սակայն հետևելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական անցուդարձին, Մարատ Րեսինը որոշում է կայացրել այն տեղափոխել Հայաստան, դրանով իսկ իր աջակցությունը հայտնել երկրում ընթացող փոփոխություններին», - ասաց Թամարա Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ծրագրին մասնակցությունը ոչ միայն առաջնակարգ բիզնես կրթություն ստանալու հնարավորություն է, այլև ներառում է նորարարական բիզնես ծրագրերին և Start-up-երին բազմակողմանի օժանդակության ցուցաբերում։
«Սա բացառիկ հնարավորություն է նոր գաղափարների, ծրագրերի հեղինակների համար, որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել դրանք իրագործելու գործիքակազմ», - նշեց Թամարա Վարդանյանը։
Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանն էլ իր հերթին հույս հայտնեց, որ արտասահմանցի գործարարները տեսնելով Հայաստանում նոր իրողությունները՝ նույնպես ցանկություն կունենան Հայաստանում իրականացնել նման ծրագրեր։
«Իրականում գնալով շատ բան փոխվում է դեպի դրականը, և Հայաստանում ներդրումային միջավայրը նույնպես բարելավվում և գտնվում է ավելի բարձր մակարդակում։ Մենք բաց ենք համագործակցության համար: Պարոն Րեսինը նման առաջարկ արեց, այն ընդունելի է մեզ համար։ Հայաստանում ունենք բարձր աշխատասիրություն և մեծ ինտելեկտուալ պոտենցիալ, որը, ցավոք, շատ օգտագործված չէ։ Բայց գործընթացները տանում են նրան, որ մենք կարող ենք արտահանել մեր ինտելեկտուալ պոտենցիալը և աշխարհում գրավել այն տեղը, որը բնորոշ է նման բարձր ունակություններ ունեցող ազգերին», - հայտարարեց Արման Վարդանյանը։