21/08/2019 10:06
«Հրապարակ». Քաղավիացիայի ոլորտի բացառիկ մասնագետը հրաժարական է տվել Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճի պատճառով
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը: Մեզ ասացին, որ նա ոլորտի բացառիկ մասնագետ է, և այս բացը լրացնելը համարյա անհնար է լինելու:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթևիկ Ռևազյանը, սակայն նրան ամեն գնով փորձել են համոզել, որ հրաժարական չտա: Մեր տեղեկություններով, նրա հրաժարականի պատճառը Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճն է եղել:
Մենք կապ հաստատեցինք Սայադյանի հետ, սակայն նա չցանկացավ խոսել այս թեմայով՝ դա համարելով իր անձնական խնդիրը։
«Ես դուրս եմ եկել անձնական պատճառներով՝ անձնական նկատառումներից ելնելով։ Այդքանը կարող եմ ասել», - ասաց նա՝ նշելով, որ օգոստոսի 12-ից այլևս չի աշխատում Քաղավիացիայի կոմիտեում։
Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ նրա դուրս գալը պայմանավորված է Տաթևիկ Ռևազյանի անձով, Սայադյանն ասաց․ «Չէ, եկեք ես մեկնաբանություններ չտամ»»: