21/08/2019 18:15
Մադուրոն վստահեցրել է, որ իր ներկայացուցիչներն «ամիսներ շարունակ» շփվում են ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վստահեցրել է, որ իր ներկայացուցիչներն «ամիսներ շարունակ» շփումներ են պահպանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ:
«Կարող եմ վստահեցնել, որ մեր շփումները պահպանվում են արդեն ամիսներ», - ասել է նա՝ ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ:
Նախագահն ավելացրել է.
«Այնպես, ինչպես ես էի փնտրում շփումներ Վենեսուելայում, ես փնտրում էի ուղիներ նաև այն բանի համար, որպեսզի ԱՄՆ նախագահ Թրամփն ականջալուր լինի Վենեսուելային»:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Կարակասը և Վաշինգտոնն անցկացրել են մի շարք գաղտնի բանակցություններ:
Անցած երեքշաբթի Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է, որ իր վարչակազմի ներկայացուցիչները «շատ բարձր մակարդակով» բանակցություններ են վարել Վենեսուելայի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: