21/08/2019 13:10
Ուրուգվայի նախագահի թոքերից մեկում չարորակ գոյացություն է հայտնաբերվել
Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսի թոքերից մեկում չարորակ գոյացություն է հայտնաբերվել: Այդ մասին նա ինքն է հայտնել լրագրողներին:
«Ես ժողովրդին տեղեկացնում եմ, որ շերտագրական հետազոտության ժամանակ հաստատվել է չարորակ գոյացության առկայությունն իմ աջ թոքում»,- հայտնել է Վասկեսը, որն ինքը կրթությամբ ուռուցքաբան է:
Նախագահը, որը 79 տարեկան է, հավելել է, որ մեկ կամ երկու օր կմնա հիվանդանոցում լրացուցիչ հետազոտությունների անցկացման համար: Վասկեսը նշել է, որ իրեն լավ է զգում:
Վասկեսը նախագահության առաջին ժամկետում (2005-ից մինչև 2010 թվականը) խոշոր հակածխախոտային արշավ էր սկսել, որի ժամանակ նույնիսկ դատական քաշքշուկների մեջ էր ընկել ծխախոտ արտադրող որոշ ընկերութուններից Philip Morris-ի հետ: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2005 թվականից Ուրուգվայում ծխախոտից հրաժարվել է 294 հազար մարդ:
Ուրուգվայում հոկտեմբերի 27-ին անցկացվելու են նախագահի ընտրություններ: