21/08/2019 14:21
Միջոցառման ամենակարևոր առաքելությունը բարեգործությունն էր. Իտալահայ գործարար Տարիել Բիշարյան (Լուսանկարներ)
Օգոստոսի 14֊16 Երեւանում տեղի ունեցան Նորաձևության և Արվեստի Ցուցադրություն, Բարեգործական վաճառք։ Յուրահատուկ նախագիծը մեկ տանիքի տակ էր հավաքել հայ եւ օտարերկրյա նորաձեւության դիզայներներ, հատուկ հյուրեր արտերկրից և տաղանդավոր հայ պատանի երաժիշտներ։
Aysor.am-ը զրուցել է նախագծի տնօրեն Տարիել Բիշարյանի հետ։
- Տարիել, կուզեինք իմանալ՝ ինչպե՞ս ստացվեց նորաձեւության ոլորտում աշխատելը։
- Հռոմում բիզնեսի կառավարում ուսումնասիրելուց հետո, տեղափոխվեցի Միլան եւ փորձում էի հասկանալ և գտնել իմ հիմնական գործունեության ոլորտը։ Ընկերներիցս մեկն ինձ ծանոթացրեց իտալական բարձրորակ պայուսակների բրենդի հետ, ով ուզում էր ընդլայնել վաճառքի ծավալները Իտալիայից դուրս։ Որոշ ժամանակ աշխատելով բիզնես խորհրդատու՝ հասկացա, որ կան շատ խնդիրներ նորաձեւության ոլորտում։ Հենց այդ ժամանակ որոշեցի բացել իմ շոուրումը եւ խորհրդատվական ծատայություններ մատուցել։ Շուտով ես կնքեցի իմ առաջին պայմանագրերը 3 դիզայների հետ, եւ նորաձեւությունը դարձավ իմ հիմնական գործունեության ոլորտը (մի բան, որ երբեք չէի էլ մտածել)։
Հիմա բացի Tariel Bisharian Showroom Milano-ից, ես համահիմնադիր եւ գործադիր տնօրենն եմ Emerging Talents Milan, եւ արդեն մեծ ցուցադրություններ ենք կազմակերպում Միլանի Նորաձեւության Շաբաթվա շրջանակներում։
- Հիմա, երբ ձեր առաջին միջոցառումը Հայաստանում ավարտվել է, ինչպիսի՞ զգացողություններ ունեք, գոհ ե՞ք արդյոք։
- Ես բիզնեսմեն եմ և ինձ համար շատ կարեւոր է, որ իմ դիզայներներն ու գործընկերները գոհ լինեն։ Եվ նրանք բոլորը շատ գոհ են։ Ես շատ ուրախ եմ, որ Երեւանում կարողացանք կազմակերպել թարմ շունչ բերող եւ գեղեցիկ միջոցառում։ Մենք ստացանք շատ գովասանքներ թե՛ միջոցառման մասնակիցների, թե՛ հյուրերի կողմից։ Անձամբ ես շատ գոհ եմ, որ կարողացա Հայաստանը ցույց տալ իմ օտարերկրյա հյուրերին։ Նրանք բոլորը սիրահարվել են մեր երկրին, եւ միանշանակ հետ կգան։ Արդեն սպասում են հայաստանյան մյուս միջոցառմանը։
- Ի՞նչն էր նախագծի շրջանակներում ամենակարեւորը, որ կուզեք ընդգծել։
Միջոցառման ամենակարեւոր առաքելությունը բարեգործությունն էր։ Մենք համագործակցեցինք Օրրան Բարեգործական Ընկերության հետ, եւ շուտով օրրանցիների կարի դասարանը կհամալրվի նոր պարագաներով։ Ավելին՝ այդ երեք օրերի ընթացքում Օրրանի երեխաները մեր հյուրերի եւ դիզայներների հետ աշխատեցին, եւ միջոցառման փակումը հենց նրանց մասնակցությամբ ցուցադրությունն էր։ Դա, իհարկե, անմոռանալի է. երեխաների ոգեւուրությունն ամեն ինչ առժեր։ Մեր բոլորիս համար այդ երեխաների ուրախությունն ամենակարեւորն էր։
Ավելին՝ աշխարհահռչակ դիմահարդար Վալերիա Օրլանդոն մեծ ցանկություն հայտնեց շարունակելու համագործակցությունը, եւ շուտով VOR by Valeria Orlando կոսմետիկայի առցանց վաճառքից բաժին կհասնի նաեւ Օրրանին։
- Որո՞նք են ձեր հաջորդ ծրագրերը։
- Հաջորդն իհարկե Միլանի Նորաձեւության Շաբաթվա մեր ցուցադրությունն է սեպտեմբերի 21֊ին։ Գարուն Ամառ 2020 հավաքածուները ներկայացնելու համար մենք ընտրել ենք Palazzo Visconti di Milano-ն։ Դա Միլանի լավագույն սրահներից է. միայն նշեմ, որ Մոցարտն անձամբ է նվագել այնտեղ եւ հետագայում եղել է նաեւ լեգենդար ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի տունը։ Այն իհարկե շատ հայտնի է նորաձեւության ոլորտում. Վերսաչեի գալա ընթրիքներ, Ֆռատելլի Ռոսետիի ամենամյա ցուցադրություններն հենց էստեղ են անցկացվում։ Այնպես որ, հենց վերադառնամ Միլան, մեծ աշխատանքներ են սպասվում։
- Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք հայ երիտասարդ դիզայներներին։
- Նորաձեւությունը, ինչպես ցանկացած ոլորտ, շատ բարդություններ ունի։ Կարեւոր է լինել շատ ուժեղ և հետեւել սրտի ձայնին։ Բայց միեւնույն ժամանակ գտնել քո ուրույն ոճն ու անդավաճան մնալ դրան։ Բրենդի ճանաչելիությունը, ապրանքի որակն ու ճիշտ գնային քաղաքականությունը հաջողության բանալիների եռյակն է։