22/08/2019 18:17
Մեկ Գյումրիում, մեկ՝ Երևանի մեր ընկերներից մեկի տանը, նույնիսկ Օպերայի թատրոնում ենք փորձ արել. Արսեն Միքայելյանը՝ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման մասին
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում նոր թատերաշրջանը կմեկնարկի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» բեմադրությամբ, որի գլխավոր հերոսներն են Գյումրու թատրոնի դերասան Արսեն Միքայելյանն ու հրավիրյալ դերասանուհի Իննա Խոջամիրյանը:
Ներկայացման՝ երկու ամիս տևած փորձերը, ստեղծագործական խմբի զբաղվածության պատճառով տարբեր վայրերում են տեղի ունեցել:
«Մեկ Գյումրիում, մեկ՝ Երևանի մեր ընկերներից մեկի տանը, մեկ անգամ էլ նույնիսկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ենք փորձ արել», - ծիծաղելով Aysor.am-ին պատմեց Արսեն Միքայելյանն ու ուրախությամբ նշեց, որ արդեն վերջին շտկումներն են անում՝ Գյումրիում:
Հատկանշական է, որ սա Իննա Խոջամիրյանի առաջին բեմական փորձն է, բայց դա խաղընկերոջ համար այնքան էլ դժվարություններ չի առաջացրել: Ասում է՝ Իննան հետաքրքիր դերասանուհի ու աշխատասեր մարդ է, շատ արագ է ընկալում կերպարային այն խնդիրները, որոնք իր առջև են դրվում: Ստեղծագործական կազմն էլ նպաստեց, որ մտերմիկ միջավայր ստեղծվի ու միմյանց անծանոթ դերասանները կարճ ժամանակում նաև լավ ընկերներ դառնան:
«Նա հիմնականում տեսախցիկի հետ է աշխատել, ինչը հնարավորություն է տվել, որ արագ կողմնորոշվի ու առաջադրված խնդիրները «մարսի»: Իհարկե, բեմն ու տեսախցիկը տարբեր տեմպեր են պահանջում, ու մենք կարծում էինք, որ նրա հետ աշխատելը մի փոքր բարդ կլինի: Բայց կարողանում է պատվով դուրս գալ այդ ամենից, ցույց տվեց, որ անհանգստանալու բան չկա ու ի դեմս իրեն՝ հետաքրքիր, գունավոր դերակատարում ենք տեսնելու բեմում», - վստահեցրեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, Մարկեսի այս գործն ուսանող տարիներին բեմադրել է նաև Արսեն Միքայելյանը, դերասանական կազմն էլ պարբերաբար փոփոխության է ենթարկվել: Բեմադրությունն այժմ իրականացնում է Ռաֆայել Ասատրյանը: Հարցին՝ որպես բեմադրիչ ո՞ւմ խաղով է առավել տպավորված եղել, Արսեն Միքայելյանը պատասխանեց.
«Տղաներից Կարապետ Եղոյանին եմ շատ հավանել, ինձ համար հիանալի աշխատանք էր Սարգիս Ղարիբյանի աշխատանքը: Աղջիկներից յուրաքանչյուրն էլ իր ոճի մեջ ինքնատիպ է մատուցել կերպարը: Անկեղծ ասած, որևէ մեկին առանձնացնել չեմ ցանկանա, դժվար կլինի: Ամեն մեկը յուրովի ձեռագիր ունի»:
Բեմադրության՝ այս տարբերակի առաջնախաղը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին՝ թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում: Դերասանի համոզմամբ՝ այս ներկայացումը հենց այս բեմի համար է, մեծ բեմում այն կարող է չընկալվել:
«Այս ներկայացումը մեծ դահլիճի անհրաժեշտություն չունի, այն փոքրաթիվ հանդիսատես է պահանջում, որը կտեսնի դերասանի ամեն մի դիմախաղը: Մեծ բեմը հսկայական բան կարող է գողանալ ներկայացման թե՛ գեղագիտական լուծումներից, թե՛ դերասանական խաղի մատուցումից», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արսեն Միքայելյանը: