22/08/2019 11:33
Ամուլսարի վերաբերյալ փորձագիտական եզրակացության հրապարակումը Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ, առնվազն, մտորելու տեղիք է տալիս. փորձագետ
Ամուլսարի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ: Կարծում եմ՝ այս հանգամանք առնվազն մտորելու տեղիք է տալիս: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Դեռ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով շատ հստակ դիրքորոշում էր արտահայտել. պիտի անցկացվի նոր փորձագիտական ուսումնասիրություն և պիտի հստակեցվի՝ արդյոք հանքի շահագործումն անվտա՞նգ է Սևանի, Ջերմուկի ջրերի և ջրահավաք ավազանի համար: Ի դեպ, վարչապետը կարևորել էր հիշյալ փորձաքննության անցկացումը միջազային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության կողմից: Սա դեռ մեկ տարի առաջ: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ փորձագիտական եզրակացությունը ներկայացվել է լիբանանյան «Էլարդ» կազմակերպության կողմից, որին, առնվազն, դժվար է իր ոլորտի լավագույն կազմակերպություններից համարել: Եվ բացի այդ, փորձագիտական եզրակացությունը չի հանդիսացել համալիր բնապահպանական ուսումնասիրության արդյունք. կազմակերպության կողմից մասնագիտական փորձաքննության են ենթարկվել զուտ Լիդիանի ներկայացրած փաստաթղթերը: Ինչպես տեսնում ենք՝ այսօր մեր ունեցած եզրակացությունը որևէ կերպ չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք դեռ մեկ տարի առաջ դրվել էին հենց վարչապետ Փաշինյանի կողմից», - նշեց փորձագետը:
Նա նշեց, որ չի բացառվում, որ հանքի շահագործման թույլտվություն տալով Փաշինյանը բնապահպանական հնարավոր խնդիրները ստորադասում է երկրի համար արտաքին կարևորության հարցեր լուծելուն, ինչպես, օրինակ, արտասահմանյան ներդրողների համար դեպի Հայաստան ճանապարհը չփակելը և երկխոսության նոր ուղիներ գտնելը ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններում:
«Միացյալ Նահանգները տարբեր մակադակներով բազմիցս անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին: Ամուլսարի հետ կապված դեռ նախորդ տարի շատ հստակ արտահայտվել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Այսինքն այն, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակն հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում կարևոր տեղ ուներ՝ միանշանակ է: Եվ այս առումով շատ հետաքրքրական է, որ հանքի շահագործման վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, և այն էլ՝ դրական, հրապարակվում է վարչապետի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ: Կարծում եմ՝ այս հանգամանքն, առնվազն, մտորելու տեղիք է տալիս», - ասաց Հերմինե Մխիթարյանը: