22/08/2019 12:15
Ժամանակն է Արցախում հայտնաբերել նոր հանքավայրեր. Սերգեյ Վարդանյան
Արցախի նախագահի հետ քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Արցախի ընդերքօգտագործման ոլորտին: Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանաբնակ ճանաչված երկրաբան Սերգեյ Վարդանյանը:
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ Արցախում կան շատ չուսումնասիրված հանքեր: Ժամանակն է, որ այդ հանքավայրերը հայտնաբերվեն և վերամշակվեն, արդյունքում՝ կստեղծվեն նոր աշխատատեղեր, երկիրն էլ տնտեսապես կհզորանա:
«Այդ ոլորտում Արցախում մեծ ներդրում ունի ԱՀ երկրաբան Գրիգորի Գաբրիելյանցը, ով շատ կարճ ժամանակահատվածում ստեղծել է երկրաբանական ծառայություն՝ ձեռք բերելով հաջողություններ, մասնավորապես, Կաշենի պղնձի հանքավայրում», - մասնավորապես ասել է մեր զրուցակիցը:
Ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Նախագահը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Սերգեյ Վարդանյանին, որը, ըստ մեր զրուցակցի, իր համար եղել է անսպասելի անակնկալ:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ս. Վարդանյանն ասել է նաև, որ ինքը շարունակելու է համապատասխան մասնագետներ ներգրավել Արցախի ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում: