23/08/2019 18:18
ԱՄՆ-ի և «Թալիբանի» ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Դոհայում
ԱՄՆ-ի և Աֆղանստանի «Թալիբան» (Ռուսաստանում արգելված) արմատական շարժման ներկայացուցիչները Քաթարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների իններորդ փուլն են սկսել Աֆղանստանում զինված հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով թալիբների ղեկավարության աղբյուրներին և ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:
Բանակցությունների նպատակը ԱՄՆ-ի և «Թալիբանի» միջև համաձայնագրի կնքումն է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման և թալիբների կողմից ամերիկյան կողմին անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ: Օգոստոսի 22-ին Դոհայում մեկնարկած բանակցություններում ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում է Աֆղանստանի խնդրով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը:
Ամերիկյան պաշտոնական աղբյուրի խոսքով՝ կոնսուլտացիաներից հետո ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարը կուղևորվի Քաբուլ: «Խալիլզադը Աֆղանստանի ղեկավարներին կտեղեկացնի խաղաղ համաձայնագրի մասին և այնուհետեւ կավարտի Աֆղանստանում պատերազմի ավարտման մասին հռչակագրի պատրաստման աշխատանքը», - հայտնել է նա գործակալությանը: