23/08/2019 18:54
Այդ «գունավոր տղաներն» այնքան են շատացել, որ մեզ հարիր չի. Էրիկ Օհանյանին զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումը
Արևելյան մարտարվեստների վարպետ, մարզիչ Էրիկ Օհանյանն այսօր տոնում է ծննդյան 42-րդ տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը նկատեց, որ ինչպես կինն է ասում՝ ինքը ծննդյան օրը երբեք տանը չի նշում. կա՛մ ընկերների միջավայրում է, կա՛մ էլ իր երկրորդ «ընտանիքում» է` ֆեդերացիայի սաների հետ:
«Քչերը գիտեն, բայց ես աշխատում եմ նաև Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանում, ու այս տարի էլ ծնունդս նշելու եմ աշխատանքային ընկերներիս՝ Արաբկիր վարչական շրջանի կոլեգաներիս հետ: Ժամը 19:00-ին, երբ աշխատանքային օրն ավարտվի, մեր բաժնի աշխատակազմով հավաքվելու ենք ու նշենք», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Էրիկին առաջին շնորհավորողը դուստրն է եղել՝ Աննան: Առաջին անակնկալներն էլ մատուցել են սաներն ու նրանց ծնողները:
«Օլիմպավանում, որտեղ երեկոյան MMA մարտարվեստի մարզումներ եմ անցկացնում, երեխանների ու ծնողների կողմից անակնկալ ստացա: Շնորհակալություն եմ հայտնում «ARMENIAN POWER» ակումբի սաներին և ծնողներին, որ վստահում են ինձ՝ իրենց երեխաներին մարզելու կարևոր գործը: Ես սաներիս խոստացել եմ, որ ով ինչ նպատակով եկել է ինձ մոտ, հասցնեմ այդ նպատակին: Շատ բան պետք չէ, կարևորը՝ նրանք ունենան սպորտային դաստիարակություն, ինչի շնորհիվ իրենց համար լավ միջավայր կստեղծեն, գրագետ կներգրավվեն մեծ շրջապատներում: Չէ՞ որ առանց շահախնդրության, սեփական քրտինքով շրջապատ ստեղծելը անփոխարենելի ընկերություն է նվիրում», - նշեց նա:
42 ամյա մարզիկը երկու թոռնիկ ունի: Հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում երիտասարդ պապիկի կարգավիճակում, կատակով պատասխանեց՝ շատ լավ, բայց որ արթնանում ու տեսնում է տատիկ է կողքը քնած, վա՜յ.
«Իսկ իրականում՝ ես հպարտ եմ, որ ունեմ մեծ տղայիս կողմից երկու թոռ: Շնորհակալ եմ Աստծուն, որ առողջ և խաղաղ կյանք է պարգևել մեզ»:
Անդրադառնալով անցած տարիներին՝ ընդգծում է, որ 42-տարիների ընթացքում շա՜տ լավ ճանաչեց մարդկանց, ու կարողացավ ձևավորվել որպես անհատականություն, այն էլ՝ վաղ տարիքից: Խոստովանում է՝ կյանքից հենց այդ էլ սպասում էր ու սպասելիքներն իրականացան:
Ի դեպ, օրերս համացանցում հայտնվեց փոքրիկ երգիչ Արման Մուրադյանի երգն ու տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է նաև Էրիկ Օհանյանը: Համագործակցությունը ծնվել է Էրիկի առաջարկով:
«Ամիսներ առաջ լսեցի Արմանի «Հայ եմ, հայ» կատարումը: Նկատելով նրա եռանդն ու սրտանց խոսքը՝ որոշեցի գտնել նրան: Կապ հաստատեցի նրա հայրիկի՝ Արթուր Մուրադյանի հետ, նրանց հրավիրեցի ինձ մոտ դահլիճ: Երբ Արմանին հարցրեցի, թե ինչպե՞ս է վերաբերվում սպորտով չզբաղվողներին, ովքեր ամբողջ օրը նստած են հեռախոսների, ինտերնետների առջև ու իրենց հաճույքները սահմանափակվում են խմիչքով ու սիգարետով, ասաց. «Կլինի՞ գամ քեզ մոտ պարապեմ, կզգաս՝ ինչպես եմ վերաբերվում»: Նրա պատասխանից ոգևորվեցի ու առաջարկեցի տեսահոլովակի տեսքով հայտնի իր ասելիքը: Նա էլ խոստացավ, որ պարապելու դեպքում կնկարահանի: 20 օր անց Արմանի երգը պատրաստ էր: Բոլոր մեր ծանոթներին խառնեցինք իրար ու տեսահոլովակ նկարահանեցինք: Արման Մուրադյանի հայրը, ով մեծ ջանք դրեց տեսահոլովակի ստեղծման համար, ինձ ապշեցրեց իր մտահղացմամբ. մենք մեր եռագույնը բարձրացնողներին խնդրեցինք, որ ներգրավվեն, ու շնորհակալ եմ չմերժելու համար: Կարծում եմ՝ հաջողված տեսահոլովակ է ստացվել, սա Արմանի նվերն էր ինձ. իմ մտահղացումը՝ իր տեսահոլովակի տեսքով: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում Օլիմպավան սպորտային համալիրի հիմնադիրին, տնօրենին և աշխատակազմին, ովքեր մեզ հնարավորություն են տալիս երեխաներին մարզենք և դաստիարակենք՝ առողջ մարմնում առողջ հոգի սկզբունքով», - շեշտեց հոբելյարը:
Էրիկ Օհանյանը հանրային ճանաչում ունեցող այն մարդկանցից է, ովքեր հնարավորինս զերծ են մնացել քաղաքական անցուդարձից: Սակայն, երբ հերթը հասավ Ստամբուլյն կոնվենցիային, մարզիկը վրդովվեց: Նկատում է՝ այն, ինչը հայ ընտանիքին է վերաբերվում, պետք է չխաթարեն:
«Ես միշտ խուսափել եմ քաղաքականությունից խոսել, բայց թույլ չեմ տա մեր դաստիարակությանը, մեր երեխաներին դիպչեն: Դա ինձ համար լուրջ հարց է: Ղեկավարությունը, Կառավարությունը պետք է մտածի ոչ միայն այսօրվա, այս պահի մասին, այլ՝ 50 տարի հետոյի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը նրանց ամենամեծ սխալը կլինի: Ես չեմ պատկերացնում՝ երբ եկեղեցում երկու ամուսնացող տղամարդկանց տեսնեմ, տղայիս ի՞նչ պետք է ասեմ: Դա ոչ մի տեղ՝ ո՛չ տանը, ո՛չ, դպրոցում, ո՛չ համալսարանում չպետք է պրոպագանդվի: Դրա փոխարեն թող դպրոցում Զին դասը ուժեղացնեն, մեր ազգի՝1992-ից մինչև Ապրիլյան պատերազմի հերոսներին թող հրավիրեն այդ դասերին, նորմալ ֆիզկուլտուրայի դաս անեն, մարտարվեստների մարզիչների հրավիրեն: Թե չէ այդ «գունավոր տղաներն» այնքան են շատացել, որ մեզ հարիր չի… Չգիտեմ, ես դեմ եմ Ստամբուլյան Կոնվենցիային», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Էրիկ Օհանյանը: