26/08/2019 15:18
Ստամբուլյան կոնվենցիայով չի փոխվում որևէ բան, որպեսզի պետությունը ճանաչի միասեռականների ամուսնությունը. Ռուստամ Բադասյան
ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի մեկնաբանություն ստանա Ստամբուլյան կոնվենցիայի որոշ վիճահարույց դրույթների շուրջ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Վերջինս ընդգծեց, որ ընտանիքի կազմի փոփոխության վերաբերյալ որևէ դրույթ կոնվենցիայում չկա:
«Բացարձակ աբսուրդ է, որ ընտանիքի կազմը կարող է փոխվել, եթե ձեզ հետաքրքիր է, նայեք Վրաստանի Սահմանադրությունը, թե Վրաստանը երբ է ստորագրել և երբ է վավերացրել և դրանից հետո որոշակի փոփոխություն կա՞: Այնտեղ էլ ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է, այնտեղ էլ է կոնվենցիայի վավերացումից հետո այդպես մնացել», - ասաց նախարարը:
Դիտարկմանն՝ արդյոք կոնվենցիայի ընդունումից հետո պետությունը կսկսի՞ ճանաչել միասեռականների ամուսնությունները՝ նախարարն ասաց.
«Պետությունը չի ճանաչի նման իրավունք, որովհետև այս կոնվենցիայով չի փոխվում որևէ բան, որպեսզի պետությունը ճանաչի նման ամուսնություն, իսկ իրենք համատեղ կապրեն, թե չեն ապրի՝ իրենց գործն է»:
Անդրադառնալով հարցին, թե Մայր աթոռը դեմ է արտահայտվել կոնվենցիային՝ նախարարը նշեց, որ պատրաստ են դրույթ առ դրույթ բոլոր մտահոգությունները քննարկել առաքելական եկեղեցու հետ:
Հարցին՝ արդյոք այս տարի կոնվենցիան կքննարկվի՞ ԱԺ-ում, նախարարն ասաց, որ այն, ամենայն հավանականությամբ, ԱԺ կհասնի մյուս տարի: