26/08/2019 13:38
Պետական մարմիններն իրավասու են արգելել հանքի հետագա շահագործումը և ընկերությանը զրկել լիցենզիայից. ՔԿ պաշտոնյա
Ամուլսարի հանքի շահագործման դեպքում հետազոտություններն ու ուսումնասիրությունները պետք է շարունակական բնույթ կրեն։ «Լիդիան Արմենիան» կամ մեկ այլ հանքարդյունաբերող չպետք է բավարարվի առկա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) հետազոտություններով։ Մոնիտորինգը պետք է կրի ամենօրյա բնույթ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։
««Լիդիանը» սա իր առաջնային քաղաքականության հիմնարար դրույթներից մեկն է հռչակել», - շեշտեց պաշտոնյան։
Յուրա Իվանյանը միաժամանակ ընդգծեց՝ ծավալած գործունեության հետևանքերի համար պատասխանատվություն կրում է հանքարդյունաբերողը, ոչ թե փորձագիտական ընկերությունը կամ փորձագետները։
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պետական մարմիններն իրավասու են ցանկացած պահի՝ խախտումների ի հայտ գալու պարագայում, արգելել հանքի հետագա շահագործումը և ընկերությանը զրկել լիցենզիայից։
Վերջում Յուրա Իվանյանը հավաստիացրեց, որ կառավարությանն առընթեր միջուկային կենտրոնի եզրակացությունը ևս տրամադրվել է միջազգային փորձագետներին, և այդ փաստաթղթում որևէ տեղեկություն չի պարունակվում Ամուլսարում ուրանի առկայության մասին։