27/08/2019 18:46
Ցավում եմ, որ դատական համակարգը կրկեսի մասնիկ են դարձրել. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ վաղը՝ օգոստոսի 28-ին, կայանալու է իր և կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի դեմ դատական հայցով առաջին նիստը։
Հիշեցնենք, որ վերջիններիս դատի է տվել «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ, Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը, ով դատարանից պահանջում է, որպեսզի Դանիելյանն ու Տեր-Նակալյանը հերքեն իր հասցեին 5-րդ ալիքի եթերում արած որոշ արտահայտություններ (վերջինս հայտարարել էր, թե Գրիգոր Երիցյանը ԼԳԲՏ քարոզչություն է իրականացրել Կոտայքի մարզի դպրոցներից մեկում)։
«Պատմությունը սկսվեց, երբ 5-րդ ալիքի հաղորդումներից մեկի ժամանակ Կոնստանտին Տեր-Նակալյանը պնդում արեց, որը վերաբերում էր Երևանի ավագանու անդամ, համասեռամոլություն քարոզող Գրիգոր Երիցյանին։ Հետո Երիցյանը պահանջեց, որ հրապարակային հերքում տանք, մենք այդպես էլ արեցինք, հրապարակային հերքում տվեցինք, ներողություն խնդրեցինք։ Բայց նա մեզ դատի տվեց։ Իրականում այս ամենը շատ զավեշտալի է», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Դանիելյանը։
Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ ընթերցում է իրենց դեմ ներկայացված դատական հայցը, ակամայից ծիծաղում է։
Հարցին՝ ո՞րն է Գրիգոր Երիցյանի հայցի էությունը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ հրապարակային հերքում տարածելը, սակայն ինքն այդքան էլ լավ չի հասկանում՝ ինչու։
«Մի շարք արտահայտություններ են բերված. օրինակ՝ այն արտահայտությունը, որ «Վեհ մարդ պետք է լինես, որ լինես համասեռամոլ»։ Մեզնից պահանջում են, որ մենք դա հերքենք։ Ըստ ամենայնի՝ ես այսօր լայվ կմտնեմ և կհերքեմ։ Կասեմ, որ վեհի փոխարեն պետք է լինես ստոր մարդ։ Կարծում եմ՝ սա իրեն կբավարարի։
Իրականում ցավում եմ, որ դատական համակարգը կրկեսի մասնիկ են դարձրել, առավել ևս, երբ այդ ամենն անում են պաշտոնյաները՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը։ Մայրաքաղաքն աղբի մեջ է, վերելակներ են ընկնում, մարդիկ են մահանում, բայց որոշ մարդիկ իրենց համար գերակայություն են սահմանել՝ պահանջել, որ մենք որոշ արտահայտություններ հերքենք։ Հերքման ձևը նույնիսկ չեմ պատկերացնում», - ասաց Արթուր Դանիելյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ վաղը դատարան ներկայանալու են իրենց փաստաբանի հետ։ Իր մասնագիտական ծառայություններն առաջարկել է կուսակցության համակիրներից մեկը։
«Մենք շատ հստակ դիրքորոշում ունենք՝ ևս մեկ անգամ ներողություն խնդրելու, հերքում տարածելու։ Մենք պետք է հերքենք, որ համասեռամոլության համար մարդը պետք է վեհ լինի։ Որոշել ենք վերականգնենք համերաշխությունը մեր հասարակությունում և ամեն ինչ անելու ենք, որ համասեռամոլության քարոզիչները մեզնից նեղացած չլինեն», - ասաց Դանիելյանը։