27/08/2019 16:31
Անհրաժեշտ է ափդեյթ. Երբեմն կորցնում ենք ԼՂ հակամարտության ծագման, պատճառների, իրավաքաղաքական նրբերանգների տրամաբանական շարադրանքի թելը
Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը և ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է այսօր ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին:
«Նախորդ տարի Արտաքին գործերի նախարարությունում առիթ ունեցել եմ ասելու, եւ հիմա էլ հարկ եմ համարում կրկնել, որ ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև նույնիսկ ինքներս մեզ համար երբեմն կորցնում ենք Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, իրավաքաղաքական նրբերանգների տրամաբանական շարադրանքի թելը: Եվ այս երևույթը հաճախ զգալի է միջազգային տարբեր հարթակներում Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ ունենալիս, ընդհուպ երբեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ վարելիս», - նշել է Փաշինյանը:
Նա կարևոր է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, համատեքստի վերաբերյալ բազային տեղեկատվությունն անընդհատ թարմացնելը, այսպես ասած, ափդեյթի ենթարկելը, որովհետև հաճախ առաջնորդվելով կանխավարկածով, թե միջազգային հանրությունը բավարար չափով տեղեկացված է Ղարաբաղի խնդրի մասին, մենք հաշվի չենք առնում, որ հակամարտության 30 տարիների ընթացքում պաշտոնյաները, նույնիսկ ինստիտուտներն անընդհատ փոխվել են ու փոխվում են, և այդ փոփոխությունների հետ ակնհայտ թվացող ճշմարտությունները հաճախ մոռացվում են, կորսվում և, որ ավելի վատ է, նենգափոխվում:
«Եվ մենք պետք է առանձնակի ուշադրություն դարձնենք այդ խնդրին և հետեւողական գտնվենք հակամարտության նրբերանգները ներկայացնելիս և հանրահռչակելիս», - ասել է նա:
Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը զարմանքով է արձանագրել, թե միջազգային շրջանակներում որքան խորն է նստած, օրինակ, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ընդհուպ Մերձդնեստրի և Ղարաբաղի հակամարտությունները նույնական ընկալելու բանաձևը. սա մեզ համար իսկապես լուրջ խնդիր է՝ թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային առումով:
«Եվ չափազանց կարևոր է այդ խնդիրների հսկայական տարբերությունն ի ցույց դնել, ինչի արդյունավետության մեջ ինքս համոզվել եմ մի քանի կոնկրետ դեպքերում:
Երբ մենք հստակ արձանագրում ենք, որ, ասենք, Հարավային Օսիայի, Աբխազիայի բնակիչները նույնիսկ այսօր կարող են հանգիստ այցելել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի և այնտեղի շուկայում վաճառել իրենց արտադրած գյուղմթերքը, գնել իրենց անհրաժեշտ ապրանքները եւ ետ վերադառնալ Աբխազիա կամ Հարավային Օսիա, իսկ Ռուսաստանի քաղաքացուն Բաքվի օդանավակայանից ետ են ուղարկում՝ միայն այն պատճառով, որ նա հայկական ազգանուն ունի, երբեմն սա ավելի ամբողջական պատկերացում է տալիս Ղարաբաղի հարցի էության մասին, քան նույնիսկ մի քանի ժամանոց դասախոսությունները:
Այս պարզ օրինակը ցույց է տալիս, թե ինչու և ինչպես է ձևավորվել ստատուս քվոն Ղարաբաղում, ես նկատի ունեմ Բաքվի օդանավակայանի դեպքի նկարագրությունը: Ցույց է տալիս նաև, թե ինչը կարող էր լինել այդ ստատուս քվոյի այլընտրանքը:
Սա ընդամենը մի օրինակ է, նույնպիսի օրինակներ կարելի է բերել նաև այն մասին, թե ինչպես բոլորը մոռացան, որ ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի բանակցություններում բանակցող երեք կողմ է եղել, և դա, ըստ էության, միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափն է, որ ինչպես Ադրբեջանն է դուրս եկել Խորհրդային Միության կազմից, ու դա հիմա ոչ ոք տարօրինակ չի համարում, նույնպես և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն է դուրս եկել Սովետական Ադրբեջանի կազմից, ու դա նույնպես տարօրինակ չպետք է համարվի, որ եթե Ադրբեջանի նախագահը անզիջում, ագրեսիվ հայտարարություններ է անում, ոչ մի տարօրինակ բան չի լինի նրանում, եթե նույնպիսի հայտարարություններ հնչեն նաև Հայաստանից, և այլն, և այսպես շարունակ», - ասել է վարչապետը: