27/08/2019 12:55
Վանո Սիրադեղյանն ասել է՝ հայկական բանակն առաջին անգամ մայրաքաղաք մտավ 1996-ին. փաստաբան (տեսանյութ)
1996 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ մեր պետության բարձրաստիճան այրերը հավաքվել էին՝ ամփոփելու զորքերը օգտագործելու, ցույցերը ցրելու հարցերը, Վանո Սիրադեղյանը այսպիսի բան է ասել՝ հայկական բանակն առաջին անգամ մայրաքաղաք մտավ 1996 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ցույցերը ճնշվում էին, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հիշեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Փաստաբանը բառացի մեջբերեց այդ տարիներին ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Սիրադեղյանի խոսքերը. «Հայկական բանակն առաջին անգամ մտավ մայրաքաղաք։ Դա շատ կարևոր է։ Զորքերի հետևից՝ ներքին զորքերը, մեր առաջին գունդը։ Նրանք պահպանել են Սահմանադրությունը, պաշտպանել են նախագահին։ Կարևոր չէ՝ ով է նախագահը, կարևորն այն է, որ պաշտպանել են Սահմանադրությունը։ Երբ կրքերը թեժանում են, ժողովուրդը բաժանված է 2-3 մասի, գլխավոր խոսքը բանակինն է։ Կարևորը սպայական կազմն է, որն այժմ կոչվում է երկրապահ։ Հույս ունեմ, որ զորքը վերջիվերջո մեր կողմն է։ Եթե գլխավոր հրամանատարի վրա են գնում, պետք է գոնե մի 800 մարդ սպանել, այդպես չէ՞»։
Ընթերցումից հետո փաստաբանը հարց ուղղեց՝ եթե այսօր քննչական մարմինները սևեռվել են այն գաղափարի վրա, որ զորքը չի կարող օգտագործվել ներքին խռովությունները դադարեցնելու նպատակով, ինչո՞ւ ուրեմն այս տեքստին գնահատական տրված չէ։