27/08/2019 12:25
Այս շաբաթվա վերջ կամ հաջորդ շաբաթվա սկզբին պետք է որ առաջին նիստը լինի. Քոչարյանի փաստաբան
Այն, ինչ ՀՀ Սահմանադրական դատարանը ամսի 29-ին պետք է սկսի քննել, Ռոբերտ Քոչարյանին ավելի շատ է վերաբերում, քան, ընդհանրապես, Մարտի 1-ի գործին։ Այն, ինչ Վենետիկի հանձնաժողովում, Եվրոպական դատարանում կքննարկվի, դա գլոբալ ազդեցություն կունենա, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
«Երկու անգամ մենք պաշտոնապես դիմել ենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին։ Քանի որ որևէ օրենքում սահմանված չէ, որ մակագրման գործընթացը պետք է փակ լինի, բացի այդ՝ հաշվի առնելով գործի նկատմամբ հասարակության մեծ հետաքրքրությունը և այն, որ միշտ կասկածելի ենք համարել գործի մակագրման գործընթացը, երկու անգամ միջնորդել ենք, որպեսզի այս գործընթացին մասնակից դառնան լրատվամիջոցները և պաշտպանները։
Առաջին անգամ պատասխան ուղարկվեց, ուր բոլորովին ուրիշ բան էին գրել։ Երկրորդ անգամ ընդհանրապես դեռ չեն պատասխանել։ Աննա Դանիբեկյանը, գործն իրեն մակագրելուց երեք օր հետո, արդեն ընդունել է վարույթ։ Ենթադրում ենք, որ այս շաբաթվա վերջ կամ հաջորդ շաբաթվա սկզբին պետք է, որ առաջին նիստը լինի», - ասաց փաստաբանը։