27/08/2019 10:52
Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը. ԱԳ նախարար
Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները, ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ադրբեջանի կողմից ռազմաքաղական հավասարակշությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են: Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկատառում», - ասաց նախարարը:
Մնացականյանը նկատեց, որ լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղ միջավայրի ձևավորմանը և չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը:
«Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը: Խաղաղությունն այլընտրանք չունի, և ՀՀ-ն ու Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար», - ընդգծեց նախարարը:
Վերջինս կարևորեց ԵԱՀԿ ՄԽ համանախագագհության և համանախագահ երկրների դերակատարումը արցախյան հիմնահարցի կարգավորման ու տարածաշրջանային խաղաղության պահապանման գործում: Նախարարը հիշեցրեց՝ Հայաստանը չի փոխել իր մոտեցումները հարցի կարգավորման առնչությամբ:
«Եթե Ադրբեջանը իսկապես շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է նույնչափ շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցել», - եզրափակեց խոսքը նա: