28/08/2019 13:58
Կառավարությունն Ամուլսարի հարցով հակապետական որոշում չի կայացնի. Մակունց
Արձակուրդից հետո սա խմբակցության պաշտոնական առաջին հանդիպումն է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության այսօր կայանալիք փակ նիստին:
«Քննարկելու ենք այն հարցերը, որոնք առաջիկայում լինելու են մեր օրակարգում։ Առանձին հանձնաժողովները կներկայացնեն աշխատանքները, որոնք կատարվել են, կտեսնենք՝ ով ինչ առաջարկ կունենա»,- նշեց Մակունցը:
Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի քննարկման հետաձգմանը՝ խմբակցության ղեկավարան ասաց.
«Առնվազն եթե հիշենք, թե ինչ ընթացակարգերով պետք է անցնի կոնվենցիան, ենթադրվում էր, որ հենց այդպես էլ պետք է լինի, որովհետև, եթե նախարարությունը ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որպեսզի նրանցից պատասխան գա։ Հետո պարտադիր ընթացակարգով պետք է լինի Սահմանադրական դատարանում, այնուհետև կհայտնվի ԱԺ օրակարգում: Այնպես որ, սպասելի էր, որ շուտ չի լինելու, և զարմանում էի, թե ինչպես կամ որտեղից է շրջանառվում սեպտեմբեր ամիսը»:
Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործման հարցին, Լիլիթ Մակունցը վստահեցրեց, որ կառավարությունը հակապետական, ապազգային որոշում չի կայացնի:
«Նոր ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) անհրաժեշտության հարցը ուսումնասիրվում է Շրջակա միջավայրի նախարարությունում, կտեսնենք, թե ինչ կլինի արդյունքը», - ասաց Մակունցը։