28/08/2019 18:55
Հետերկրաշարժյան Գյումրին, մանկական սերն ու տղամարդու «թասիբը». Կայացավ «Թղթե երազանք»-ի լիամետրաժ տարբերակի փակ դիտումը (Տեսանյութ)
«Շանթ» հեռուստաընկերության նոր նախագիծը՝ 25 մասանոց «Թղթե երազանք»-ը, լիամետրաժ ֆիլմի տեսքով օգոստոսի 27-ին Մոսկվա կինոթատրոնի մեծ էկրանին էր:
Փակ դիտմանը հրավիրված էին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, հասարակական ու քաղաքական գործիչներ և արվեստագետներ: Դահլիճում էր նաև այն տղան, ում պատմության հիման վրա էլ ծնվել էր «Թղթե երազանքը». այսօր արդեն 19-ամյա զինվոր Հովիկին «Շանթ» հեռուստաընկերությունը հանդիպել էր շուրջ 5 տարի առաջ՝ խելացի երեխաներ փնտրելու նախագծերից մեկի շրջանակում:
Նախագծի նպատակը Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումն էր, որը նման երեխաների համար սոցիալական դժվարությունները հաղթահարելու հարթակ էր դառնալու:
Կենցաղային վատ պայմաններով, սակայն կոլորիտը, հումորն ու պատիվը չկորցրած Գյումրի ու գյումրեցի, թղթին հանձնված մանկան երազանք ու նպատակասլացության արդյունքում՝ երազանքի իրականացում: Մանկական սեր, տղամարդու «թասիբ», ծնողասիրություն…
Հետերկրաշարժյան Գյումրին նկարագրող մեկ ու կես ժամ տևողությամբ ֆիլմը դահլիճում գտնվող յուրաքանչյուրից արցունք կորզեց, յուրաքանչյուրին ժպիտ պարգևեց ու ևս մեկ անգամ ազդարարեց՝ դժվարությունը հաղթահարելի է, եթե նպատակ կա:
Սցենարիստ Անի Մաղաքյանի և ռեժիսոր Գարրի Զաքարյանի 25 մասից բաղկացած նովելը հեռուստաէկրանին կլինի սեպտեմբերի 2-ից: Դերասանական կազմում ընդգրկված են Անի Պետրոսյանը, Մանվել Լոռեցյանը, Արսեն Միքայելյանը, Աննա Հակոբյանը, Վիլեն Սարգսյանը, Դավիթ Հակոբյանը և այլք: