29/08/2019 18:53
Ռոբոտ Ֆյոդորը չի ճանաչել Էրդողանին և սկսել է էկզոկմախքի փորձարկումները
Ռոբոտ Ֆյոդորը (FEDOR - Final Experimental Demonstration Object Research), որը գտնվում է Միջազգային տիեզերակայանին միակցված «Սոյուզ ՄՍ-14» տիեզերանավում, Twitter-ում հայտնել է էկզոկմախքի փորձարկումների մեկնարկի մասին:
«Այսօր սկսեցինք էկզոկմախքի փորձարկումները», - նշել է նա:
Բացի այդ՝ Ֆյոդորը հիշատակել է օգոստոսի 27-ին անցկացված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակամուրջի մասին, սակայն չի հիշել նրա կողքին գտնվող թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան անվանելով «ռադիոփոխանակման ևս մեկ չնույնականացված մասնակից»:
Մարդակերպ փրկարար-ռոբոտ FEDOR-ը Ռուսաստանի ԱԻՆ-ի պատվերով ստեղծվել է «Անդրոիդային տեխնիկա»-ի և Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի կողմից:
Համապատասխան մշակումները սկսվել են 2014 թվականին: Ռոբոտի ստեղծման համար ծախսվել է 300 մլն ռուբլի: Վերջերս նա անունը փոխել էր, հիմա նրան անվանում են Skybot F-850: