29/08/2019 17:36
«Քոչարյանն ու Փաշինյանը միշտ տարբեր ճամբարներում են եղել». «Ռոսիա 24»-ն անդրադարձել է Քոչարյանի դեմ մեղադրանքներին (Տեսանյութ)
Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումների քննությունը հետաձգելուն:
Մասնավորապես, նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն առաջադրված մեղադրանքների համապատասխանության մասին երկու դիմումների նախնական քննությունը ՀՀ սահմանարական դատարանը տեղափոխել է սեպտեմբերի 3-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ին կսկսի գրավոր ընթացակարգով քննել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։
Նշվում է, որ ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման և կաշառք տալու համար:
Ռեպորտաժում նշվում է, որ ՀՀ երկրորդ նախագահը հերքում է իր դեմ մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքականապես մոտիվացված: Նշվում է, որ նախկին նախագահը կալանքի տակ է արդեն 3-րդ անգամ: Վերջին անգամ նա կալանքի տակ է առնվել հունիսի 25-ին: Դրանից հետո, ինչպես ասում է լրագրող Վարվարա Նևսկայան, ՀՀ երկրորդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակած դատավորի դեմ նրա մասնագիտական գործունեության հետ կապ չունեցող քրեական գործ է հարուցվել:
Հեռուստաալիքին տեսակապով հարցազրույց է տվել նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ 2 մեղադրանքներն էլ չունեն ոչ մի լուրջ հեռանկար՝ օբյեկտիվ դատավարության պարագայում:
Այնուհետ ներկայացվում են 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած կադրերը, նշվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լրագրողն ընդգծում է նաև փաստը, որ «գաղտնիք չէ՝ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը միշտ տարբեր քաղաքական ճամբարներում են եղել»: