29/08/2019 11:37
Moody’s-ի կողմից ՀՀ վարկանիշի բարձրացոմը վկայում է, որ վարվող տնտեսական քաղաքականությունը որակվել է դրական. նախարար
«Moody’s Investors Service» վարկանիշային կազմակերպությունը միջազգային ներդրողների մոտ ստեղծում է սպասումներ և կարծիք տվյալ երկրում տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ, կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ «Moody’s Investors Service» միջազգային վարկանիշային գործակալությունը, օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցի համաձայն, բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ «B1»-ից «Ba3»:
«2015 և 2016 թվականներին Հայաստանի սուվերեն վարկանիշի իջեցվելուց հետո այս բարձրացումը վկայում է, որ վարվող տնտեսական քաղաքականությունը նշված հեղինակավոր կազմակերպության կողմից ընկալվել և որակվել են որպես դրական։ Այդ միտումների ֆոնին սպասումներ են ձևավորվել , որ առաջիկայում նույնպես զարգացման հեռանկարները կայուն են լինելու», - ասաց Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ներկա քաղաքականության առանցքում կառավարությունը կարևորում է վերականգնվող ռեսուրսների վրա մշակող արդյունաբերության առաջանցիկ աճը և մեծ ուշադրություն դարձնում մրցունակության բարձրացման հարցին։