29/08/2019 16:53
Ուրուգվայի նախագահը ճառագայթային թերապիայի կուրս է սկսել
Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը թոքի քաղցկեղի հայտնաբերումից հետո սկսել է ճառագայթային թերապիայի կուրս ստանալ, հայտնում է նրա աշխատակազմը, փոխանցում է РИА Новости-ն:
«Նախագահ Տաբարե Վասկեսը թոքի բուժման համար սկսել է ճառագայթային թերապիայի կուրս ստանալ: Նա նախագահի պարտականությունները շարունակում է կատարել սովորական ռեժիմում», - նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Վասկեսը, որը կրթությամբ ուռուցքաբան է, լրագրողներին հայտնել էր, որ իր աջ թոքի մեջ չարորակ գոյացություն է հայտնաբերվել:
Վասկեսը նախագահության առաջին ժամկետում (2005-ից մինչև 2010 թվականը) խոշոր հակածխախոտային արշավ էր սկսել, որի ժամանակ նույնիսկ դատական քաշքշուկների մեջ էր ընկել ծխախոտ արտադրող ընկերութուններից «Philip Morris»-ի հետ:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2005 թվականից Ուրուգվայում ծխախոտից հրաժարվել է 294 հազար մարդ:
Ուրուգվայում հոկտեմբերի 27-ին անցկացվելու են նախագահի ընտրություններ: