29/08/2019 18:05
Նկարահանել եմ իմ միջոցներով՝ առանց որևէ շահի հետապնդման. Մաննեի նոր ֆիլմը «Շապիտո» կրկեսի մասին է (Տեսանյութ)
Ռեժիսոր Մաննեն իր հերթական վավերագրական աշխատանքն է պատրաստվում ներկայացնել հանդիսատեսին: Aysor.am-ի հետ զրույցում բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած երիտասարդ ռեժիսորը խոստովանեց՝ մտահղացման հեղինակը ֆիլմի պրոդյուսեր Արարատ Գրիգորյանն է, ինքն առավել ուշ շունչ տվեց այդ մտահղացմանը: Ի դեպ, ֆիլմը տարիներ առաջ Երևան եկած «Գոշա Շապիտո» կրկեսի մասին է, որն արդեն տևական ժամանակ է՝ մատնված է անգործության: Ու այս վավերագրական կինոնկարը մասն է կրկեսի կյանքի ճանապարհի:
«Այս գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ: Արարատ Գրիգորյանն առաջարկեց նկարահանել «Գոշա Շապիտո» կրկեսի մասին ֆիլմ: Այդ ժամանակ այլ ֆիլմեր էինք նկարահանում, և հետաձգվեց: Սակայն մի օր ինձ հետ հետաքրքիր դեպք պատահեց. ավտոբուսում մի երեխա շրջվելով դեպի պատուհանը՝ գոռաց. «Կրկեսն այնտեղ է»: Նրան ուղեկցող տղամարդը փոքրիկին ասաց, որ չկա նման բան, այստեղ կրկես չկա: Ավտոբուսի ուղևորները բարի ժպիտով ծիծաղում էին: Որոշ ժամանակ անց ես հայտնաբերեցի, որ այդ երեխան ճիշտ էր. ճանապարհի նույն տեղում՝ մի փոքր խորանալով, հանդիպում ես փոքրիկ կրկեսի, որի սահմաններն ընդարձակվում են երբ ներս ես մտնում»,- պատմեց մեր զրուցակիցը:
Ինչպես իր «Ադապտացիա» և «Ճայը» ֆիլմերի դեպքում, այս անգամ էլ ոգեշնչման աղբյուր իր համար դարձել է Լեոնիդ Ենգիբարյանը: Ասում է՝ հռչակավոր ծաղրածուն միշտ իր հետ է և իրեն ոգեշնչում է ցանկացած նոր գաղափարի պարագայում:
Ռեժիսորն ընդգծում է՝ «Շապիտոն» հեղինակային ֆիլմ է, նկարահանել է իր իսկ ֆինանսական միջոցներով՝ առանց որևէ շահի հետապնդման:
Բացի ռեժիսորից ու պրոդյուսերից, ստեղծագործական կազմում ընդգրկված են նաև Գևորգ Գրիգորյանն ու Ստեֆանիա Գրիգորյանը՝ ֆիլմի հերոսները:
40 րոպե տևողությամբ սև ու սպիտակ «Շապիտո»-ի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին՝ Հ. Մալյանի անվան Թատրոնում: