30/08/2019 09:50
Հայկ Մարությանի հրաժարականի հարցը իշխանության օրակարգում է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի և մայրաքաղաքում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը վերջերս հաճախ է շրջանառվում քաղաքական շրջանակների, լրատվամիջոցների կողմից։ Փաստարկն այն է, որ Հայկ Մարությանը որքան տաղանդավոր է դերասանություն անելիս, նույնքան անտաղանդ ու ապաշնորհ՝ քաղաքը կառավարելիս։ Շուտով կլրանա նրա պաշտոնավարման մեկ տարին, բայց քաղաքում գրեթե ոչինչ չի փոխվել կամ փոխվել է դեպի հակառակը։ Նա չկարողացավ անգամ քաղաքապետ աշխատելու ինն ամիսների ընթացքում լուծել աղբահանության հարցը, ճիշտ հակառակը՝ իրավիճակը գնալով ավելի ու ավելի բարդացավ։ Իսկ երեկ էլ «Սանիթեքը» հայտարարություն արեց, թե 300 միլիոն դրամով պակաս է ստացել իր հասանելիքը, ինչը նշանակում է, որ անհնարին է դառնում աղբահանության իրականացումը քաղաքում։
Ըստ թերթի, քաղաքապետի հրաժարականի և արտահերթ ընտրության մասին քննարկումներն ակտիվացել են ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այլև Հայկ Մարությանին փոխարինելու հարցը քննարկվել է նաև իշխանության ներսում։ Այնտեղ էլ հասկանում են, որ Հայկ Մարությանը չի արդարացնում հանրության և քաղաքական ուժի սպասելիքները
Թերթը հիշեցրել է, որ 2018-ի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավը հենց Հայկ Մարությանի թեթև ձեռամբ վերածվեց «սևի ու սպիտակի» պայքարի, բացի դա՝ հեղափոխությունից մի քանի ամիս անց մարդիկ՝ էյֆորիայի բարձր դոզայի տակ, պատրաստ էին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրել ցանկացած մեկին, ում կներկայացներ Նիկոլ Փաշինյանը։