02/09/2019 17:04
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն ակնկալում է ներդրումների հանդեպ արդար մոտեցում և օրենքի կիրարկում. Նամակ` վարչապետին
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով ներդրումների հանդեպ արդար մոտեցում և օրենքի կիրարկում:
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Վարչապետ,
Ձեզ ենք դիմում Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) անունից՝ ՀԱԱՊ-ի անդամ ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող երկարատև իրադարձությունների կապակցությամբ:
ՀԱԱՊ-ը առաջատար բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում հիմնադրվել է 2000 թ. և այժմ ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող ավելի քան 140 տեղական և օտարերկրյա ծագումով փոքր, միջին և խոշոր ընկերությունների շահերը: Մեր առաքելությունն է` Հայաստանում խթանել արտաքին և ներքին ներդրումների իրականացումը և խրախուսել բիզնեսի համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանը: Համոզված ենք, որ ներդրումների նկատմամբ արդար և իրավաչափ վերաբերմունքը չափազանց կարևոր է ոչ միայն ՀԱԱՊ-ի անդամ հանդիսացող տեղական և արտասահմանյան ընկերությունների, այլ նաև Հայաստանի տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման համար: Հենց այս համոզմունքից դրդված ՀԱԱՊ-ը վերջին 13 ամիսների ընթացքում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ արդեն հանդես է եկել 2 հայտարարությամբ:
ՀԱԱՊ-ը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում պրոֆեսիոնալ և անկողմնակալ աուդիտների իրականացումը, սակայն միևնույն ժամանակ տարակուսում, որ Լիդիան Արմենիայի կողմից իրականացվող ծրագիրը մինչ այժմ հանքարդյունաբերության ոլորտում միակ ծրագիրն է, որին պարտադրվել է 3 հաջորդական աուդիտ, իսկ դեպի Ծրագրի տարածք տանող ճանապարհները շարունակում են անօրեն շրջափակված մնալ ավելի քան մեկ տարի: Եվ սա այն պարագայում, երբ Լիդիան Արմենիայի Ամուլսարի ծրագիրը համապատասխանում է բնապահպանական և սոցիալական կառավարման ոլորտում ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի միջազգային ամենաբարձր չափանիշներին:
Ցավում ենք, որ նույնիսկ 3-րդ աուդիտի իրականացումից հետո, և այն պարագայում, որ Դուք հաստատեցիք Լիդիան Արմենիայի կողմից բնապահպանական բարձր ստանդարտներին համապատասխանելու փաստը, վերջինիս մուտքը դեպի Ծրագրի տարածք դեռևս չի վերականգնվել և ավելին, քննարկվում է ևս մեկ՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման հնարավոր անհրաժեշտությունը: Մենք կիսում ենք հասարակության բնապահպանական մտահոգությունները և համոզված ենք, որ ընկերությունները պետք է համապատասխանեն կայուն զարգացման ստանդարտներին: Միևնույն ժամանակ ունենք նաև այն համոզմունքը, որ բիզնեսի նկատմամբ արդար և անաչառ վերաբերմունքը պետք է բացառի ընտրողական մոտեցումը, և պետության կողմից առաջադրված բոլոր պահանջները պետք է հավասարաչափ և արդարացիորեն կիրառվեն ոլորտի բոլոր մասնակիցների նկատմամբ: Սա հատկապես կարևորվում է Ձեր կողմից օրերս հնչեցված այն հայտարարության համատեքստում, որտեղ Դուք խոսեցիք այն մասին, որ Լիդիան Արմենիայի դեմ արշավը կազմակերպել և ֆինանսավորել են կոնկրետ բիզնես շահեր հետապնդող շահագրգիռ կողմեր: Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս, և մենք հուսով ենք, որ այս պնդումները պատշաճ կերպով կհետաքննվեն:
Մեծարգո պարոն Վարչապետ, ՀԱԱՊ-ը ոչ միայն մտահոգված է Հայաստանում խոշորագույն ներդրող հանդիսացող իր անդամ ընկերության նկատմամբ անարդար վերաբերմունքի փաստով, այլ, որպես բիզնեսի առաջատար կազմակերպություն, նաև անհանգստացած է Ամուլսարի շուրջ արդեն իսկ մեկ տարի ծավալվող այս խնդրի բացասական ազդեցության հանգամանքով: Այն միանշանակ բացասական ազդակներ է ուղարկում պոտենցիալ ներդրողներին և Հայաստանը դարձնում ներդրումների համար ոչ գրավիչ երկիր: Այն պարագայում, երբ պետությունը ջանքեր չի խնայում դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, պոտենցիալ ներդրողները միաժամանակ ազդարարվում են, որ ներդրում կատարած օտարերկրյա ընկերությունները Հայաստանում պաշտպանված չեն և արժանանում են անարդար վերաբերմունքի:
Համոզված ենք, որ Լիդիան Արմենիայի Ամուլսարի ծրագրի շուրջ հետագա ձգձգումները խորացնելու են խնդիրը և կարող են կրել հարատև բնույթ՝ շարունակելով բացասական ազեցություն ունենալ բիզնես միջավայրի վրա և վերջնականապես խաթարել երկրի ներդրումային գրավչությունը ապագա ներդրումների համար: Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը որդեգրել արդար գործելաոճ՝ խնդրի շուտափույթ լուծման համար:
Մենք կիսում ենք Կառավարության տեսլականն առ այն, որ Հայաստանը պետք է բարգավաճի և ունենա զարգացող տնտեսություն, որտեղ ի նպաստ Հայաստանի բարօրության գործունեություն իրականացնող բոլոր ներդրողների նկատմամբ կգործի օրենքի գերակայության սկզբունքը և բոլոր տնտեսվարողների համար կապահովվեն հավասար և արդար հնարավորություններ»։