02/09/2019 12:23
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել, Aysor.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նշենք՝ օրերս Infocom-ը գրել էր, որ Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը ազգակցական կապ ունեն։
Նաիրա Հարությունյանը հաստատեց, որ Յուրա Իվանյանի և Արամայիս Գրիգորյանի միջև ազգակցական կապ կա։
«Ծառայողական քննություն է նշանակվել Յուրա Իվանյանի ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար», - նշեց Ն. Հարությունյանը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, թե հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը, ողջամիտ չէ:
«Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվել է Յուրա Իվանյանի վարույթում՝ ոչ թե հաշվի առնելով ինչ-որ ազգակցական կապեր, այլ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվում են հասարակական մեծ հնչեղություն ունեցող մեծածավալ, առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերը, իսկ կոռուպցիոն բնույթի գործերը՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում:
Մեկ նկատառում ևս, Քննչական կոմիտեն որևէ գործով, այդ թվում՝ նաև Ամուլսարի գործով, դրական եզրակացություն չի կարող տալ, կամ ինչպես նշված է հիշյալ նյութում, չի կարող հաստատել դրական եզրակացություն, քանի որ Կոմիտեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է մինչդատական քրեական վարույթ, ինչը բոլորովին այլ գործառույթ է:
Եվս մեկ անգամ, հարկ ենք համարում նշել, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար»,-հայտնել էին ՔԿ-ից։