03/09/2019 10:05
«168 Ժամ». Գերտերությունները պահանջներ են ներկայացրել
«168 Ժամ» թերթը գրում է. «168.am-ի տեղեկություններով՝ վերջերս ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից։ Մամուլում օրեր առաջ հրապարակում եղավ այն մասին, որ վերջերս փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարների և որոշ դեսպանների մասնակցությամբ։ Իհարկե, ԱԳՆ-ից հերքել էին նախարարների հանդիպման փաստը, սակայն ըստ ԶԼՄ-ի՝ թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացասական է ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից։ Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի կողմից այդ «մեսիջը» ՀՀ իշխանություններին է փոխանցվել 2019թ. օգոստոսի 12-13-ը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի՝ Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: Ասում են՝ Ն. Պատրուշևն առաջարկել է ավելացնել զորախմբի անձնակազմի քանակությունը։
Ըստ 168.am-ի աղբյուրների՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի միջոցով է ԱՄՆ այդ դժգոհությունը փոխանցվել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով, որ Սիրիայում հայկական զորախմբի ներկայությունը բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ ԱՄՆ համապատասխան կառույցների կողմից, ըստ նույն աղբյուրների, նաև նշվել է, որ զորախումբը չհանելու դեպքում ոչ միայն հետևանքներ կլինեն հարաբերություններում, այլև հայկական կողմը պետք է այնտեղ չօգտագործի ականազերծման համար նախատեսված այն սարքավորումները, որոնք տրամադրվել են իրենց իսկ կողմից։ Դիվանագետ բանագնացի կողմից այս հաղորդումը քննարկվել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև։ Վերջինիս մտահոգել է՝ ի՞նչ պատասխանել ԱՄՆ-ին։ Զ. Մնացականյանը կրկին հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին ունեցած վերոնշյալ ելույթը՝ նորանկախ պատմության մեջ հայ-ռուսական համատեղ հումանիտար աննախադեպ նախագծի մասին։
Երկու նախարարները դիվանագետի հետ քննարկման ընթացքում փորձել են հասկանալ՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Երկու դեպքում էլ Հայաստանը խնդիր կարող է ունենալ, մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների հետ։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը կտրականապես դեմ է արտահայտվել զորախումբը հանելու պահանջին։ Թե ինչ կորոշի և ինչպես կապատասխանի ռուսական և ամերիկյան կողմերի պահանջին Նիկոլ Փաշինյանը, դեռևս հայտնի չէ։
Իսկ այն, որ արտաքին քաղաքական մարտահրավերները հայկական դրոշի ներքո Սիրիա զորախումբ ուղարկելուց հետո սրվելու էին՝ զգուշացնում էին և ընդդիմադիր գործիչները, և փորձագետները»: