03/09/2019 16:11
Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը և վերջինիս տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերի անհիմն շահարկումը համարում ենք անընդունելի. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է մամուլում այսօր տարածված տեղեկությունը, թե ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից:
«Մենք արդեն բազմիցս հերքել են այս տեղեկատվությունը: Ներկայումս փորձ է արվում պետական կառույցի կողմից արդեն իսկ հերքված տեղեկատվությունը վերստին շրջանառել նոր մտացածին մանրամասներով, որոնք նույնպես չեն համապատասխանում իրականությանը՝ այդպիսով ձևավորելով մի քանի շերտից բաղկացած կեղծ լուր», - Aysor.am-ին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքով, «Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը և վերջինիս տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերի անհիմն շահարկումը նեղ անձնական շահերից ելնելով համարում ենք անընդունելի»:
«Թեմայից դուրս, պարզապես հավելեմ, որ անվտանգության ոլորտում աշխատող գերատեսչությունները և դրանց ղեկավարները մշտական խորհրդակցության մեջ են տարբեր հարցերի շուրջ, ինչի մասին բազմիցս նշվել է նաև այդ գերատեսչությունների ղեկավարների կողմից», - նշեց Աննա Նաղդալյանը: