03/09/2019 18:44
Նրա կատարումը բժշկելու ուժ ունի. ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջին այցելելու է Հայաստան (Տեսանյութ)
Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը սկիզբ կառնի սեպտեմբերի 6-ին` հռչակավոր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով:
Ի ծնե կույր ճապոնացի դաշնակահարի առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:
«Նրա կատարումը բժշկելու ուժ ունի, իսկապես աստվածային է», - ասել է Վեն Քլայբըրնը:
«Նա ոչ միայն մեծագույն երաժիշտ ու աստղ է, այլ նաև վառ ապացույցը նրա, որ մարդկային հնարավորություննենը գրեթե սահմաններ չունեն», - սա էլ Վալերի Գերգիևի կարծիքն է:
Ծրագրում կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները:
Սեպտեմբերի 15-ին էլ տեղի կունենա լեգենդար դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում, իսկ սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին:
Հոկտեմբերի 1-9 տեղի կունենան հոբելյանական տասնօրյակի համերգները, որոնց մասնակցելու են դիրիժոր Փիթեր Ունջյանը, ջութակահար Պինխաս Ցուկերմանը, ալտահար Քիմ Քաշքաշյանը, Կուս լարային քառյակը և այլք:
Փառատոնն այս տարի մեկնարկեց ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմմի մրցանակիր ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները:
Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը: