04/09/2019 11:17
Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել. Արտակ Դավթյան
Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել։ Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին և կատարում է նախարարի հրամանները։ Որևէ լարվածության մասին տեղյակ չեմ, չեմ կարող ուրիշ բան ասել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ իր և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարաբերությունները վերջին շրջանում այդքան էլ հարթ չեն:
«Ոչ մի հարցում անհամաձայնություն չկա։ Կա աշխատանքային կարգ։ Յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետներն ու աաջարկությունները։ Ընդունվելուց հետո բոլորս կատարում ենք ընդունված որոշումը՝ յուրքանչյուրս մեր մասով։ Ոչ մի տարակարծություն որևէ հարցի շուրջ չունենք», - հավաստիացրեց նա։
Անդրադառնալով իր փոխարեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակելու խոսակցություններին՝ Արտակ Դավթյանը նկատեց, որ երբ իրեն աշխատանքից ազատեն կամ ինքը հեռանա պաշտոնից, բնական է, որ վերջինիս թեկնածությունը կարող է դիտարկվել։
«Եթե նայել եք, Գլխավոր շտաբի բոլոր պետերը մինչև կյանքի վերջը չեն ծառայել։ Օրենքով սահմանված ժամկետներ կան, դրանով էլ աշխատում ենք», - ասաց բարձրաստիճան զինվորականը։
Հարցին՝ արդյոք Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը վերադառնալու է համակարգ, Դավթյանը պատասխանեց՝ չգիտի, համակարգ վերադարձնողն ինքը չէ։