04/09/2019 09:59
«Հրապարակ». Լոսանջելեսյան տեղի կառույցները ցանկանում են վարչապետի այցն առավել տպավորիչ դարձնել
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակը» տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ՝ լոսանջելեսյան տեղի կառույցներն ու կազմակերպությունները ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանի վարչապետի այցն առավել տպավորիչ դարձնելու համար։
«Հրապարակը» տեղեկացավ, որ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Բայբուրդյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի այցի հետ կապված հանձնաժողով, որում ընդգրկված են տեղական խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ ավանդական 3 կուսակցություններից՝ ՀՅԴ, ռամկավարներ և հնչակյաններ, բարեգործական միություններից, տեղի առաջնորդարանից։
Հիմնական միջոցառումը նախատեսված է անցկացնել Լոս Անջելեսի քաղաքապետարանի դիմաց՝ «Գրանդ պարկ» կոչվող տարածքում։ Այն է՝ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լոս Անջելեսի հասարակության միջև, և ակնկալվում է 20-30 հազար մարդու ներկայություն։ Նախատեսված են մի քանի այլ հանդիպում-միջոցառումներ ևս, բայց դրանք լինելու են կարճատև՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում 1 օր է անցկացնելու»: