04/09/2019 18:29
«Տանը մնացի՞». դերասանուհի Թամարա Պետրոսյանը կատակերգական մոնոներկայացման ձևաչափով կխոսի արդիական թեմայի մասին
Դերասանուհի Թամարա Պետրոսյանը շուտով հանդիսատեսին կներկայանա մոնոներկայացմամբ: Գաղափարի հեղինակը ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանն է, ով էլ տևական ժամանակ համոզում էր դերասանուհուն կյանքի կոչել մտահղացումը:
«Սա իմ առաջին մոնոներկայացումն է, վստահ չէի, որ կկարողանամ: Բայց նրան հաջողվեց ինձ համոզել: Ներկայացման թեման ընտրեցին ռեժիսորն ու սցենարի հեղինակ Թելման Առաքելյանը, որոշեցինք խոսել անչափ արդիական այդ թեմայի շուրջ», - Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով պատմեց Թամարա Պետրոսյանը:
30-ին մոտեցող, առավել ևս՝ 30-ն անց աղջիկների համար մեր օրերում «ամենասարսափելի» հնչող հարցն է՝ «ե՞րբ ես ամուսնանալու»: 33-ամյա դերասանուհուն էլ չի հաջողվում խուսափել հետաքրքրասերներից, բայց հիմա էլ ինքն է բեմից հարց տալիս՝ «տանը մնացի՞»: Հենց այս հարցադրմամբ էլ անվանվել է մոնոներկայացումը, չէ՞ որ այս թեման նրան հետապնդում է ոչ միայն իրական կյանքում, այլև՝ կերպարներում:
«Այն, որ այդ թեման ինձ «հետապնդում» է՝ նորմալ է, չէ՞ որ ես ամուսնացած չեմ: Ընդհանրապես, Հայաստանում, մեր հասարակության մեջ այս թեման հետապնդում է բոլոր 30-նն անց չամուսնացած աղջիկներին, ուղղակի իմ դեպքում դա ակնհայտ է դառնում, քանի որ ինձ ավելի շատ են ճանաչում: Դրան հաջորդող հարցն էլ կա՝ իսկ ինչո՞ւ չես ամուսնանում: Այ դա տարբեր պատճառ ունի՝ մեկը բծախնդիր է դարձել, մյուսը՝ ժամանակ չունի և այլն: Օրինակ, իմ դեպքում, ոչ թե պատճառ է, այլ՝ պատճառներ, հաճախ եմ խորհում այդ հարցի շուրջ ու մտածում՝ խնդիրը, հավանաբար, իմ մեջ է…Հազարավոր պատճառաբանություններ կարող ես գտնել, ու մենք էլ այս ներկայացմամբ փորձում ենք դրանք հասանելի դարձնել հանդիսատեսին», - նշեց մեր զրուցակիցը:
Փոքր-ինչ լրջացնելով թեման՝ նկատեց՝ ինքը ծնվել է մի դարաշրջանում, երբ 33 տարեկան կինն իր երեխային դպրոց էր ուղեկցում, բայց հիմա ապրում է այն դարաշրջանում, երբ 30-ից հետո արդեն ուսում առած ու կայացած աղջիկները նոր սկսում են մտածել՝ ամուսնանա՞լ, թե՞ շարունակել ուշադրությունը սևեռել կարիերայի վրա:
«Իրականում, ինձ շատ հանգիստ եմ զգում, չեմ նեղվում: Ի վերջո, մարդն առաջին հերթին իր համար է ապրում, իր հարմարավետությունն է գերադասում: Բայց երբ մեկ այլ դիտանկյունից եմ նայում կյանքին, գիտակցում եմ, որ ինչ-որ բաներ «ուշացնում» եմ արդեն: Սա շատ նուրբ հարց է ու յուրաքանչյուրը յուրովի է մոտենում դրան: Միջավայրի կարծիքն իմ ամուսնանալ-չամուսնանալու շուրջ ինձ շատ չի անհանգստացնում, էմոցիոնալ դաշտս դրանից չի փոխվում: Եթե նույնիսկ անհանգստություններ եմ ունենում, դա իմ ներքին անհանգստություններն են, ոչ թե արտաքին ճնշումն ու հարցադրումները: Հասարակության կարծիքն ինձ վրա ազդում է միայն այն դեպքում, երբ սուտ է լինում, ապատեղեկատվություն, հերյուրանք», - ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին՝ դժվար չէ՞ թեկուզ բեմից անդրադառնալ մի թեմայի, որը ինքնահեգնանք է պահանջում, արցախցի դերասանուհին խոստովանեց՝ ինքն առօրյայում էլ այդպիսին է, չի խուսափում ինքն իր հասցեին, իր թերությունների վրա կատակներ անել, ծիծաղել ու ծիծաղեցնել:
«Սովորաբար մենք՝ հայերս, անկեղծ ենք, բայց կատակում, հեգնում ենք ընդհանուր երևույթները: Իսկ այն, ինչը վերաբերվում է կոնկրետ յուրաքանչյուրիս անձին, անձնական է՝ ծիծաղի թեմա չենք դարձնում, զգուշանում ենք: Ես նման բարդույթներ չունեմ, ի վերջո մենք 21-րդ դարում ենք ապրում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Թամարա Պետրոսյանը:
«Տանը մնացի՞»-ն Բոհեմ թատրոնի բեմում կլինի սեպտեմբերի 15-ին և 17-ին: