05/09/2019 13:06
Հայաստան-Իտալիա խաղից արժանապատիվ ֆուտբոլ եմ ակնկալում. Արթուր Վանեցյան
Երևանում այսօր ֆուտբոլային տոն է. Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Իտալիայի ազգային հավաքականի հետ։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու. հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։
Հայաստան-Իտալիա հանդիպմանը մարզադաշտից հետևելու է նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
Aysor.am-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանից հետաքրքրվել է, թե ինչ ակնկալիք ունի այս հանդիպումից և, թե ինչքանով է ՀՖՖ-ն զարմացնելու ՈՒԵՖԱ-ի նախագահին։
«Ինչպես այս խաղում, այնպես էլ Հայաստանի հավաքականի մյուս բոլոր հանդիպումներում ես արժանապատիվ ֆուտբոլ եմ ակնկալում։ Արդյունքը միշտ կարևոր է, սակայն պատվախնդիր մրցելույթը, հաղթանակի ձգտումը, խաղադաշտում առավելագույնն անելը և գեղեցիկ խաղ ցուցադրելն առավել եմ գնահատում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահը։
Արթուր Վանեցյանը հավատում է, որ Հայաստանի հավաքականը երկրպագուներին հաճելի պահեր է պարգևելու։
«Հուսամ, որ Իտալիայի, ինչպես նաև Բոսնիա-Հերցեգովինայի հետ հանդիպումներում Հայաստանի հավաքականը մեզ հաճելի պահեր կպարգևի, կուրախացնի իր երկրպագուներին պատվաբեր խաղով։ Մեր բոլոր երկրպագուներին կոչ եմ անում աջակցել հավաքականին, հավատալ, որ տղաներն ի զորու են հաջողության հասնել ամենաբարդ հակամարտություններում», - նշեց նա։
ՀՖՖ նախագահը հուսով է, որ ՈՒԵՖԱ-ի նախագահը զարմացած կմնա Հայաստանի ազգային հավաքականի ելույթից։
«ՀՖՖ-ն պատրաստվում է ներկայացնել ՈՒԵՖԱ-ի նախագահին մարզերում ֆուտբոլի զարգացման նոր տեսլականը։ Հույս ունեմ, որ ստադիոնում ՈՒԵՖԱ-ի պատվիրակությանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կզարմացնեն իրենց խաղով», - ասաց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք՝ խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին։