04/09/2019 18:13
2020 թվականին Արցախում կայանալիք ընտրությունները շատ ազատ և արդար են լինելու. արցախցի պատգամավոր
Կարող եմ ասել, որ 2020 թվականին Արցախում կայանալիք ընտրությունները շատ ազատ և արդար են լինելու, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռոբերտ Ղահրամանյանը։
«Ինձ թվում է, որ մասնակից բոլոր ուժերի համար պետք է ազատ պայմաններ ստեղծվեն։ Այն, որ գալիք տարի Արցախում ազատ և անկախ ընտրություններ են տեղի ունենալու, կասկածից վեր է։ Ինչ վերաբերում է հնարավոր արդյունքներին, ապա ժողովուրդն ում կընտրի, նա էլ կղեկավարի երկիրը, Արցախը կտանի զարգացման ուղով», - ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ ընտրություններին ընդառաջ ի՞նչ տրամադրություններ են երկրում, հասարակության համակրանքը ո՞ր քաղաքական ուժի կողմն է, Ռոբերտ Ղահրամանյանը պատասխանեց՝ այս պահին ինչ էլ ասի, սուբյեկտիվ է ընկալվելու։
«Ես «Ազատ հայրենիք» կուսակացության անդամ եմ, հետևաբար պետք է ասեմ, որ մեր քաղաքական ուժն ամենալավն է։ Ընդհանուր մթնոլորտը շատ հանգիստ է։ Մի քանի օրից կկայանան նաև Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք, ամենայն հավանականությամբ, մեկ անգամ ևս կփաստեն, որ Արցախում հանգիստ, արդար, մաքուր ընտրություններն են սպասվում։ Մեզ մոտ ամեն մի ընտրություն նախորդից տարբերվում է իր թափանցիկությամբ և ժողովրդավարությամբ», - ասաց արցախցի պատգամավորը։
Վերջում Ռոբերտ Ղահրամանյանը նշեց, որ առաջիկա համապետական ընտրություններին իրենց քաղաքական ուժի մասնակցել-չմասնակցելու ձևաչափի հարցը բարձրաձայնելու են կուսակցության համագումարում, որը տեղի է ունենալու մոտ ապագայում։