05/09/2019 12:36
Տնտեսվարողների նկատմամբ տուգանքների սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքերում. ՊԵԿ նախագահ
Տնտեսվարողների նկատմամբ տուգանքների սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքերում, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն այսօր իրականացվում է մոնիթորինգային գործիքակազմով, և տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում, դա վերջին կիրառման ենթակա գործիք է, որից այս պահին ձեռնպահ ենք մնում», - ասաց Անանյանը:
Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահն ասաց՝ դա չի նշանակում, որ եթե հայտնաբերվեն խախտումներ, կաշկանդված են լինելու գործել:
«Որպես ՊԵԿ նախագահ՝ չեմ կարող ասել, որ գնացեք տեսեք հսկիչ դրամարկղի կանոնների շահագործման խախտում կա կամ առանց ՀԴՄ կիրառման առևտրային գործունեություն է իրանացվում, երբ դրա պարտադիր պահանջը կա ու դուք մի տուգանեք, նման պահանջ ի պաշտոնե չունեմ տալու: Դա կլինի նախ օրենքի խախտում, հետո վարչարարության սխալ իրականացում», - նկատեց նա:
Անանյանի խոսքով՝ եթե բիզնեսը նոր է բացվել, ապա տնտեսվարողը կարող է իր գործունեությունն իրականացնել մինչև ՀԴՄ ձեռքբերելը:
«ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա նրան անմիջապես տուգանելուց, բայց կայցելի տնտեսվարողին ու մոնիթորինգային կարգով վարչարարություն կիրականացնի: Եթե նա իր գործունեության արդյունքները ճիշտ կհայտարարագրի, մենք այդ պահին հսկիչ դրամարկղի մեքենայի չկիրառման հետ կապված իրեն այդ պահին չենք տուգանի», - հավաստիացրեց նա: