05/09/2019 14:18
Չի կարելի ասել, որ Ադրբեջանը ավելի մեծ կշիռ ունի ՀԱՊԿ-ում, քան՝ Հայաստանը. Շավարշ Քոչարյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պնդում է՝ ՀՀ դիրքերը ՀԱՊԿ-ում ամուր են:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկմանը, թե Արդբեջանն ավելի ամուր դիրքեր ունի, քան՝ ՀՀ-ն, Քոչարյանն ասաց.
«Ադրբեջանը չի կարելի ասել, որ ունի ավելի մեծ կշիռ ՀԱՊԿ-ում, քան Հայաստանը, այն միջնորդավորված ազդեցություն ունի: Ի վերջո ՀԱՊԿ-ը պայմանագիր է, պետությունները կաշկանդված են այդ պայմանագրով և պարտավորություններով, մյուս կողմից պետությունները կարող են ունենալ տարբեր ֆորմատներում իրենց երկկողմանի պարտավորությունները: Հիմնարար սկզբունքը այն է, որ այլ ֆորմատներում եղած պարտավորությունները չպետք է հակասեն ՀԱՊԿ-ում եղածին: Սա այն մոտեցումն է, որը մենք հետևողականորեն առաջ ենք տանում և այն ստանում է համապատասխան ըմբռնում մեր գործընկերների մոտ և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԵԱՏՄ-ում», - ասաց Քոչարյանը՝ պնդելով.
«Պատկերացնում եք՝ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը չլիներ, այնտեղ լիներ Ադրբեջանը: Դա մեզ համար կլիներ ավելի անընդունելի իրավիճակ»:
Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը որոշիչ ձայն ունի երկու կառույցներում էլ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն էլ հետաքրքրվեց, թե ի՞նչ լծակներ ունի Հայաստանը, որոնք կարող է օգտագործել ՀԱՊԿ-ում մեզ համար ոչ բարեկամական երկրի մուտք գործելը կանխելու համար:
«Ամենապարզ լծակը մեր «ոչ» ասելն է: Դա բավարար է: Այլ բան է, երբ դու քո գործընկերների հետ ես աշխատում, ցանկալի է, որ «ոչ»-ին հիմնավորումներ տաս: Բնական է, որ մենք լուրջ հիմնավորումներ ունենք այն երկրների համար, որոնք մեզ ցանկալի չեն: Կարող է հիմնավորումը չընդունեն, բայց «ոչ»-ը բավարար է», - ասաց Քոչարյանը: