05/09/2019 14:36
Միքայել Պողոսյանի «Արև, սարեր ու սեր» ֆիլմը մասնակցում է Իտալիայում անցկացվող միջազգային կինոփառատոնին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը կներկայացվի Միքայել Պողոսյանի «Արև, սարեր ու սեր» ֆիլմը:
Կինոփառատոնի տնօրեն Ջիջի Կամպանիլեի հրավերով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը 2019 թ. սեպտեմբերի 4-8-ը ներկա կլինի Տրիկազե քաղաքում անցկացվող միջոցառմանը:
«Սալենտո» միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին՝ Իտալիայի Տրիկազե քաղաքում: Կինոփառատոնի կարգախոսն է` «Անկախ ֆիլմերի տոնախմբություն ամբողջ աշխարհից»:
«Սալենտոն» միջազգային իրադարձություն է դարձել «շրջագայող» հայեցակարգի շնորհիվ, որը սկսվել է 2010 թվականին Լոնդոնի «Prince Charles» կինոթատրոնում` կինոնկարների ցուցադրությունով: Այնուհետև, Սալենտոյի կինոփառատոնն անկախ ֆիլմեր է ներկայացրել ամբողջ աշխարհում` Ցյուրիխում, Մոսկվայում, Պետերբուրգում, Հոնկոնգում, Սանտյագո դել Չիլիում, Երևանում և այլուր:
Կինոփառատոնն ամբողջովին նվիրված է անկախ արտադրություններին և ունի նորարարական բանաձև, որը սահմանում է բովանդակային բարձր որակ:
Հիշեցնենք, որ Aysor.am-ի հետ զրույցում Միքայել Պողոսյանը մանրամասնել էր, որ «Արև, սարեր ու սեր» ֆիլմի նկարահանումները սկսվել են շուրջ մեկ տարի առաջ: Կատակերգական ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Ենոքավանում:
Սցենարի հեղինակն ու ֆիլմի գլխավոր հերոսը Միքայել Պողոսյանն է, ով կերպարանավորում է նկարիչ Զատիկին, հերոսուհին՝ ռուս դերասանուհի Ելենա Պոլյանսկայան: Ռեժիսորներն են Միքայել Պողոսյանն ու Գարիկ Մաշկարյանը, օպերատորն է Ռուբեն Գասպարյանը: Ֆիլմի երկրորդ ռեժիսորները Սանկտ Պետերբուրգից են, որոնց հետ հայ ռեժիսորն աշխատել է նաև իր նախորդ՝ «Լորիկ» ֆիլմի շրջանակներում:
Ֆիլմում նկարահանվել են նաև բալետի առաջատար արտիստ Ռուբեն Մուրադյանը, Տիգրան Գյուլումյանը և այլք: