06/09/2019 12:24
«Այդ «եթե» կոնտեքստը ինձ որևէ կերպ չի հրապուրում». կա՞ մտավախություն, որ Պուտինը կցանկանա հանդիպել Քոչարյանի հետ
Երևանը նախապատրաստվում է հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվելիք ԵԱՏՄ գագաթաժողովին, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Մենք սպասում ենք բոլոր գործընկեր երկրների ղեկավարներին։ Այո՛, մենք ունենք հաստատումներ, չունենք որևէ իրավիճակ, որը կարող է արտառոց իրավիճակ ստեղծել հոկտեմբերի 1-ի գագաթաժողովին նախապատրաստման առումով։ Վստահ եմ, որ անցկացնելու ենք շատ արդյունավետ գագաթաժողով և հայ-ռուսական միջպետական հարաբերությունները միայն շահելու են այդ գագաթաժողովից», - ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ունեն հաստատում, որ մասնակցելու է Հայաստանում կայանալիք գագաթաժողովին։
Ինչ վերաբերում է հարցին, թե մտավախություններ չկա՞ն, որ Վլադիմիր Պուտինը կարող է ցանկություն հայտնել այցելել կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին, և դա ի՞նչ կերպ կարող է ազդել դիվանագիտական հարաբերույթունների վրա, նախարարն արձագանքեց.
«Այդ «եթե» կոնտեքստը ինձ որևէ կերպ չի հրապուրում մեկնաբանելու, թե եթե այնպես, ուրեմն ինչպես։ Մենք պատրաստվում ենք գագաթաժողովին, և երկու կողմից կա հստակ նպատակ՝ խորացնելու առկա օրակարգը և հարաբերությունները»։