06/09/2019 18:27
Հայաստանի ներքին քաղաքականությունում հակառուսականության դրսևորումները չեն կարող չնկատվել Ռուսաստանում. փորձագետ
Հայաստանի ներքին քաղաքականությունում հակառուսականության դրսևորումները գուցեև չազդեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից բխող առաջնահերթությունների վրա, սակայն չեն կարող բացասական ազդեցություն չունենալ երկկողմ օրակարգի իրագործման արդյունավետության վրա:
Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:
Հիշեցնենք, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մեկնաբանելով Հայաստանից Ռուսաստան և հակառակը գործիչների կողմից քաղաքական ապաստան որոնելու, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՀՀ իշխանությունների առաջ պայման դնելու մասին շրջանառվող լուրերը, որպեսզի մինչ իր այցն ազատ արձակեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նշել է.
«Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները հիմնված են ամուր հիմքի վրա: Այդ հարցում տարաձայնություններ չկան: Կան որոշ դատական և իրավական գործընթացներ, սակայն միջպետական մակարդակով մենք ունակ ենք պահպանել դաշնակցային հարաբերություններից բխող առաջնահերթությունների օրակարգը: Այդ հարցերի միջև կապ չկա և չի կարող լինել»:
«Հայաստանի ներքին քաղաքականությունում հակառուսականության դրսևորումները չեն կարող չնկատվել Ռուսաստանում և համապատասխան արձագանք չբերել՝ գոնե դիվանագիտական փակ խողովակներով», - նշեց փորձագետն՝ ընդգծելով, որ հրապարակավ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներին պարբերաբար անդրադառնում են Ռուսաստանի փորձագիտական և մեդիա շրջանակները:
«Չնայած հայ-ռուսական փայլուն հարաբերութունների մասին պաշտոնական հայտարարություններին՝ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն չկարողացան փարատել ռուսական կողմի մոտ առկա անվստահությունը, այլև ներքին քաղաքականությունում հակառուսական հայտարարություններով և գործողություններով ավելի են սաստկացնում իրավիճակը», - նշեց Հասմիկ Վարդանյանը:
Նրա կարծիքով՝ նույն ռուս ընդդիմադիր գործիչ Շիշկինին Հայաստանում փախստական կարգավիճակի տրամադրումը կամ Ռուսաստանի կողմից Միհրան Պողոսյանին Հայաստանին չարտահանձնելը հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների այսբերգի միայն երևացող հատվածն են:
«Եթե մենք իսկապես ցանկանում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունների ամուր հիմքերը պահպանվեն, պետք է մեր ներքին քաղաքականությունում ևս չմոռանանք մեր երկկողմ հարաբերությունների բնույթի մասին: ՀՀ իշխանությունները հաճախ՝ ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերում, մոռանում են, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, և ներքին լսարանին արտաքին հարաբերությունների վերաբերյալ հակասական ազդակներ են ուղարկվում՝ հարցեր առաջացնելով միջազգային գործընկերների մոտ», - եզրափակեց փորձագետը: