07/09/2019 09:45
Արցախի 5 զորամասում նոր կարգով է սնունդ ապահովվում. Գործընթացն աջակցություն է նաև տեղական արտադրանքին (Տեսանյութ)
Պաշտպանության բանակում սննդի որակի փոփոխությունը գոհացնում է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին:
«Ես այցելել եմ այդպիսի մի զորամաս, որտեղ արդեն նոր համակարգի շնորհիվ նոր եղանակով է ապահովվում սննդամթերքը, ինքս զինվորների հետ միասին ճաշել եմ այնտեղ, բավականին տպավորված եմ», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Գրիգորի Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ սննդի մատակարարումը չի իրականացվում Արցախի պետական բյուջեի միջոցների հաշվին, քանի որ, վերջինիս խոսքով, դա պաշտպանության ընդհանուր ծախսերի շրջանակներում է:
«Բայց արդյունքները բավականին հուսադրող են», - ասաց նա:
Պետնախարարն ընդգծեց՝ շատ կարևոր է, որ այս գործընթացը աջակցություն կցուցաբերի նաև տեղական արտադրանքին:
«Որովհետև ծրագրերի մատուցման շրջանակներում ներառված կազմակերպությունները բոլորն էլ հայտնում են, որ հնարավորինս օգտվելու են տեղական արտադրողներից», - ասաց նա:
Պետնախարարի խոսքով՝ կա հաստատված ժամանակացույց, որի ավարտից հետո բոլոր զորամասերում պետք է լինի սննդակարգի փոփոխություն:
«Այս պահի դրությամբ 4-5 զորամասում արդեն կա», - նշեց Արցախի պետնախարարը: