07/09/2019 13:20
Հայաստանին դեռ անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը. հայ ժողովուրդը դեռ դասեր ունի քաղելու. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» նորաստեղծ կուսակցության թիվ մեկ նպատակն է լինելու առաջնորդել այն հեղափոխությունը, որն անխուսափելի է, կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը։
«Հեղափոխության համաշխարհային գործընթաց է լինելու, որի առաջամարտիկը պետք է լինեն հայկական պետությունները», - ասաց Դանիելյանը։
Նա նշեց, թե հեղափոխության համար տեխնիկական նախադրյալներ են պետք և դրանք կան։
«Այդ նախադրյալի անունն է սոցիալական ցանց։ Այն ընդլայնել է մարդկանց տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, բայց չի կարողացել ընդլայնել տեղեկատվական հոսքերը ընկալելու և մարսելու հնարավորությունը։ Այս հակասության արդյունքում տեղի է ունենալու հասարակարգի փոփոխություն», - նշեց կուսակցության նորընտիր նախագահը։
Դանիելյանի խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը խավարամիտների, ստրկամիտների ապստամբություն էր։ Բայց չկա չարիք՝ առաց բարիքի։ Նիկոլ Փաշինյանը եթե չլիներ, ես չեմ կարծում, որ Հայաստանը կունենար որևէ նախադրյալ առաջնորդելու գալիք համաշխարհային հեղափոխությունը»։
Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանին դեռ անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը.
«Հայ ժողովուրդը դեռ դասեր ունի քաղելու»։