10/09/2019 12:40
Մենք ՀԱՊԿ-ում շարունակում ենք մնալ միայն այն բանի համար, որ Ռուսաստանը մեզ հանկարծ չպատժի. Արման Բաբաջանյան
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է, որ Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ անդամ, ավելի ծանրակշիռ ներկայություն ունի ՀԱՊԿ ներսում, քան Հայաստանը, որը ՀԱՊԿ անդամ է։
«Այդ ներկայությունը Ադրբեջանի համար ապահովում են կազմակերպության անդամ Բելառուսը և Ղազախստանը։ ՀԱՊԿ-ում մեր միակ դաշնակիցը առայժմ միայն Ռուսաստանն է», - հայտարարեց Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ պետք է աշխատել Տաջիկստանին ու Ղրղզստանին դաշնակից դարձնելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, Բաբաջանյանի խոսքով, ՌԴ-ն Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները կատարում է՝ ելնելով տվյալ պահի քաղաքական և աշխարհաքաղաքական կոնյունկտուրայից։ Մինչդեռ, ըստ պատգամավորի, Հայաստանը հանուն Ռուսաստանի պատրաստ է ամեն ինչի՝ նույնիսկ Հայաստանի պետական շահերի հաշվին։
«Մենք Ռուսաստանին տալիս ենք ամեն ինչ` փոխարենը ստանալով ոչինչ։ Այս պայմաններում ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ գործունեություն, գործողություն ընդամենը խորացնում է Հայաստանի արժանապատվության և ինքնիշխանության հաշվին Ռուսաստանին սպասարկողի մեր վիճակը։ Ընդամենը օրեր առաջ դեսպանների հետ հավաքում Հայաստանի ղեկավարությունը խոսում էր արտաքին քաղաքականության նոր ուղենիշների ու սկզբունքի մասին, այդ թվում՝ ինքնիշխանության մասին։ Դրանք շատ գեղեցիկ ելույթներ էին, որոնք որևէ աղերս չունեն իրականության, գործնական արտաքին քաղաքականության հետ։ Մենք ՀԱՊԿ-ում շարունակում ենք մնալ ու սպասարկել այդ կառույցի շահերը միայն այն բանի համար, որ Ռուսաստանը մեզ հանկարծ չպատժի», - հայտարարեց Բաբաջանյանը։