10/09/2019 12:17
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կրկին մերժել է ընտրություններ անցկացնելու Ջոնսոնի առաջարկը
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները վերջին օրերին երկրորդ անգամ քվեարկեցին երկրում վաղաժամկետ ընտրությունների անցկացման դեմ, հայտնում են երկրի ԶԼՄ-ները:
Վաղաժամկետ ընտրությունների օգտին հանդես են եկել ներկա պատգամավորներից 293-ը, դեմ՝ 46-ը: Սակայն 650-տեղանոց խորհրդարանի շատ պատգամավորներ որոշել են չքվեարկել ո՛չ կողմ, ո՛չ դեմ: Որպեսզի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը հավանության արժանանար, այն պետք է պաշտպանեին Համայնքների պալատի անդամների առնվազն երկու երրորդը՝ առնվազն 298 պատգամավոր, սակայն այդ արդյունքին հասնել չհաջողվեց:
Անցյալ շաբաթ խորհրդարանը նույնպես մերժել էր կառավարության համանման առաջարկությունը: Ջոնսոնն առաջարկում էր ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 15-ին՝ մինչև հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից երկրի դուրս գալու նախատեսված վերջին ժամկետը:
Ընտրությունների շուրջը քվեակությունից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը մինչև հոկտեմբերի 14-ը: Վաղաժամկետ ընտրությունների հարցի շուրջը պատգամավորները կրկին քվեարկել կարող են միայն վերադառնալուց հետո, հետեւաբար այժմ Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ ընտրություններ կարելի կլինի անցկացնել նոյեմբերի վերջից ոչ շուտ, այսինքն՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ենթադրյալ ժամկետից՝ հոկտեմբերի 31-ից, հետո: