10/09/2019 10:04
«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում առավել անկանխատեսելի է դարձել ու անակնկալ որոշումներ է կայացնում
«Փաստ» թերթը գրում է, որ կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում առավել անկանխատեսելի է դարձել ու անակնկալ որոշումներ է կայացնում ոչ միայն քաղաքական առումով, այլև նույնիսկ իր աշխատանքային օրվա կազմակերպման տեսանկյունից։
Ըստ տեղեկությունների, Փաշինյանը սկսել է գրեթե բոլորից գաղտնի պահել անգամ իր այցերի օրակարգը, և երբեմն նույնիսկ անվտանգության աշխատակիցները միայն վերջին պահին են իմանում, թե ուր է գնում երկրի վարչապետը՝ լինի դա մարզային այց, թե ինչ-որ անձնական հանդիպում։ Արդյունքում ոչ միայն անվտանգության, այլև արարողակարգի պատասխանատուներն էլ են նման դեպքերում լարված վիճակում լինում։ Ավելին, տեղեկություններ կան, որ անգամ պլանավորված այցի գրաֆիկն է երբեմն փոխվում վերջին պահին. մասնավորապես, թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդպես է եղել Ջերմուկ կատարած վերջին այցի ժամանակ։
Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին:
«Որևէ անակնկալ փոփոխություն չի լինում: Ամեն բան համաձայնեցվում է, արարողակարգը նախօրոք իմանում է, և փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է: Այլ բան է, որ որևէ այցի ժամանակ վարչապետը կարող է մեքենան կանգնեցնել, դուրս գալ հանդիպման, շփվել բնակչության հետ: Նման բաներ կարող են տեղի ունենալ, իսկ առհասարակ, իր ծրագիրը նախօրոք հաստատվում է, և գործում է նախօրոք հաստատված ծրագրի համաձայն», - ասել է Կարապետյանը: